Հաճախ տրվող հարցեր

1. Էկոպարեկային ծառայությունը ո՞ր տարածքներում է իրականացնում իր գործառույթները։ 

Ծառայության լիազորությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների (արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր և բնության հուշարձաններ) վրա:

2. Արդյո՞ք էկոպարեկային ծառայողը տրանսպորտային միջոց կանգնեցնելու իրավունք ունի:

Այո, «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում, էկոպարեկն իրավասու է կանգնեցնել տրանսպորտային միջոցը՝ ստուգելու համար բնական ռեսուրսների (օրինակ՝ փայտանյութի) տեղափոխման օրինականությունը կամ կանխելու հնարավոր իրավախախտումը հատուկ պահպանվող տարածքներում:

3. Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ծառայությունը ապօրինի ծառահատում կամ զավթում հայտնաբերելիս:

Իրավախախտումը հայտնաբերելիս ծառայողն իրականացնում է համալիր միջոցառումներ.

  • արձանագրում է խախտումը,

  • տալիս է պարտադիր կատարման ցուցումներ և կարգադրություններ,

  • արգելում կամ դադարեցնում է ապօրինի գործողությունը,

  • անհրաժեշտության դեպքում իրականացնում է դեպքի վայրի պահպանություն մինչև իրավապահների ժամանումը

4. Ո՞ւմ պետք է դիմել անտառում հրդեհ նկատելու դեպքում:

Անտառային հրդեհ նկատելիս անհրաժեշտ է անմիջապես զանգահարել Էկոպարեկային ծառայության թեժ գծին՝ 107 կամ Փրկարար ծառայության՝ 911: Ծառայությունն իրականացնում է հրդեհների կանխարգելում և արտակարգ պատահարների ժամանակ իրականացնում է անհետաձգելի միջոցառումներ՝ համագործակցելով այլ գերատեսչությունների հետ:

5. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքներն աղբոտելու համար:

Ծառայությունն իրականացնում է հսկողություն աղտոտման և աղբոտման կանխման նկատմամբ: Ցանկացած նման գործողություն արձանագրվում է և օրենսդրության խախտման համար իրավախախտը ենթարկվում է վարչական, իսկ առանձնապես ծանր դեպքերում՝ քրեական պատասխանատվության:

6. Կարո՞ղ է արդյոք Էկոպարեկային ծառայությունը քրեական գործ հարուցել:

Ծառայությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին: Եթե հայտնաբերված խախտումը պարունակում է հանցագործության հատկանիշներ, Ծառայությունն «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փաստաթղթերն ուղարկում է համապատասխան մարմիններին՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

7. Ի՞նչ է նշանակում «իրավախախտման դեպքի վայրի պահպանություն»:

Սա նշանակում է, որ իրավախախտման (օրինակ՝ ապօրինի որսի կամ հատման) փաստը հայտնաբերելիս, էկոպարեկն իրավունք ունի և պարտավոր է սահմանափակել մուտքը դեպքի վայր, որպեսզի պահպանվեն ապացույցները և հետքերը՝ մինչև իրավապահ մարմինների կողմից քննչական գործողությունների մեկնարկը:

8. Ինչպե՞ս է իրականացվում կենդանիների ապօրինի արածեցման կանխումը:

Պետական անտառներում և պահպանվող տարածքներում արածեցումը թույլատրվում է միայն հատուկ տեղամասերում և համապատասխան թույլտվության առկայության դեպքում: Էկոպարեկն իրականացնում է հսկողություն և ապօրինի արածեցման դեպքում կասեցնում է գործողությունը՝ կիրառելով «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պատժամիջոցներ:

9  Արդյո՞ք էկոպարեկը զենք կամ հատուկ միջոցներ կիրառելու իրավունք ունի:

Այո, «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-34-րդ հոդվածների համաձայն՝ ծառայողն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ (ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ և այլն) և ծառայողական զենք՝ բացառապես օրենքով սահմանված դեպքերում (ինքնապաշտպանություն, զինված հարձակման հետմղում կամ իրավախախտների վնասազերծում):

10. Որո՞նք են զենքի կիրառման սահմանափակումները:

Արգելվում է զենք կամ հատուկ միջոցներ գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամություն ունեցողների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակման դեպքերի):

11. Ի՞նչ պարտականություններ ունի էկոպարեկային ծառայողը հրդեհի կամ բնական աղետի դեպքում:

Ծառայողը պարտավոր է անմիջապես տեղեկացնել օպերատիվ կառավարման կենտրոն, աջակցել հրդեհաշիջմանը, մարդկանց տարահանմանը և գույքի տեղափոխմանը: Նա նաև ապահովում է պատահարի վայրի պահպանությունը և անհրաժեշտության դեպքում ցուցաբերում բժշկական ու հոգեբանական օգնություն:

12. Արդյո՞ք էկոպարեկային ծառայողը տրանսպորտային միջոց կանգնեցնելու և զննելու իրավունք ունի:

Այո, օրենսդրության խախտումների հայտնաբերման նպատակով ծառայողն իրավունք ունի պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) կանգնեցնել տրանսպորտային միջոցները, զննել դրանք, ինչպես նաև կատարել անձանց և իրերի զննություն:

13. Կարող է արդյո՞ք էկոպարեկային ծառայողը տեսանկարահանել կամ լուսանկարել քաղաքացուն:

Այո, ծառայողն իրավունք ունի օգտագործել տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման սարքավորումներ և այլ տեխնիկական միջոցներ՝ իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձանց գործողություններն արձանագրելու նպատակով:

14. Ո՞ր դեպքերում կարող է կիրառվել ֆիզիկական ուժ կամ հարկադրանք:

Ֆիզիկական ուժը կիրառվում է որպես բացառիկ միջոց՝ իրավախախտումները կանխելու, դիմադրությունը հաղթահարելու, օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում կամ ինքնապաշտպանության նպատակով, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել պարտականությունների կատարումը:

15. Արդյո՞ք էկոպարեկային ծառայողը զենք կրելու իրավունք ունի և ե՞րբ կարող է այն գործադրել:

Այո, ծառայողն ունի ծառայողական զենք պահելու և կրելու իրավունք: Զենքը կարող է գործադրվել ծայրահեղ դեպքերում՝ զինված հարձակումը հետ մղելիս, կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի դեպքում կամ զինված դիմադրություն ցույց տվող անձանց արգելանքի վերցնելիս:

16. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված էկոպարեկային ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Ծառայողի պահանջների կատարումը պարտադիր է բոլորի համար: Դրանք չկատարելը կամ ծառայողի գործունեությունը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով:

17. Ինչպե՞ս է կարգավորվում էկոպարեկային ծառայողի աշխատաժամանակը:

Ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն: Ծառայությունը կազմակերպվում է շուրջօրյա՝ հերթափոխի սկզբունքով: Անհրաժեշտության դեպքում ծառայողը կարող է ներգրավվել նաև արտաժամյա ծառայության:

18. Որտե՞ղ կարող է քաղաքացին բողոքարկել էկոպարեկային ծառայողի գործողությունները:

Ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով (Ծառայության ղեկավարությանը) կամ դատական կարգով: Ծառայողն անձամբ պատասխանատվություն է կրում իր կատարած իրավախախտումների և պատճառված վնասի համար:

19 Պարտավոր է արդյո՞ք էկոպարեկը կատարել իր վերադասի այն հրամանը, որը հակասում է օրենքին:

Ո՛չ, պարտավոր չէ։ Ըստ «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ (հրամաններ, կարգադրություններ), որոնք հակասում են Սահմանադրությանը կամ օրենքներին։ Եթե ծառայողը ստանում է նման հրաման, նա պարտավոր է ղեկավարվել «Հանրային ծառայության մասին» օրենքով, ինչը ենթադրում է, որ նա պետք է հրաժարվի ակնհայտ հակաօրինական հրամանը կատարելուց՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասությանը կամ համապատասխան մարմիններին։ Սա կարևոր երաշխիք է, որպեսզի ծառայողը չդառնա գործիք՝ օրենքը շրջանցելու համար։

20Ինչպե՞ս կարող եմ դառնալ էկոպարեկային ծառայող։

Էկոպարեկային ծառայող դառնալու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար առաջարկում ենք  հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին

https://ecopatrolservice.am/

https://www.facebook.com/ecopatrolservice?locale=hy_AM

 
Թարմացվել է՝ 13.03.2026