Պատմություն

1953 թվականին ԽՍՀՄ-ում կազմավորվում է Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը։

1957 թվականին այն միավորվում է ԽՍՀՄ անտառային արդյունաբերության նախարարության հետ:

1961 թվականին ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր ստեղծվում է Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության վարչությունը, որը 1967 թվականի մարտին, ՀԽՍՀ Գերագույն սովետի հրամանագրով, վերակազմավորվում է որպես ՀԽՍՀ Մինիստրների սովետի Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական կոմիտե:

 Հայաստանի ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի 1966 թվականի մարտի 24-ի որոշման հիման վրա՝ 1966 թվականի հունիսի 21-ի հրամանով Անտառային տնտեսության գլխավոր վարչության բազայի վրա ստեղծվում է Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեն, որը ենթարկվում էր Մոսկվայում գտնվող ԽՍՀՄ Պետական Անտառային Կոմիտեին, ինչպես նաև՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդին: Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեի կենտրոնական ապարատի պաշտոնատար անձինք և մասնագետները հանդիսանում էին Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցներ և ունեին համապատասխան կոչումներ, իրավունքներ և պարտականություններ:

 Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական կոմիտեն 1986 թվականի փետրվարի 26-ին ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ վերակազմավորվում է ՀԽՍՀ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի:

 ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1988 թվականի հունիսի 24-ի թիվ 362 որոշման համաձայն՝ Անտառային Տնտեսության Պետական Կոմիտեն դառնում է «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում:

1989 թվականի հունվարի 8-ին, ՀԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեն վերանվանվում է Բնության պահպանության պետական կոմիտեի:

1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի հրամանագրով Բնության պահպանության պետական կոմիտեն վերակազմավորվում է բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության:

 ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի Հանրապետության 1991 թվականի անկախացումից հետո «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը մինչև 1992 թվականի փետրվար ամիսը շարունակում է գործել նույն կարգավիճակով և կառուցվածքով։

 

1992 թվականի հունվար ամսից «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը ՀՀ վարչապետի հրամանով ընդգրկվում է ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության կազմում՝ որպես «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում:

1995 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը վերանվանվում է բնության պահպանության և ընդերքի նախարարության:

 ՀՀ վարչապետի 1995 թվականի օգոստոսի 29-ի թիվ 108 որոշմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը հանձնվում է ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը և վերակազմավորվում որպես Հայաստանի անտառային ազգային ծառայութուն` «Հայանտառ» պետական ձեռնարկություն:

 ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 538 որոշմամբ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 123 հրամանով «Հայանտառ» պետական ձեռնարկությունը վերակազմավորվում է որպես «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերություն՝ դառնալով շահույթ հետապնդող կազմակերպություն: Այդ ընթացքում պետական կառավարման և պետական վերահսկողության գործառույթները վերապահվում են ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարությանը:

 1997-1998թթ. «Հայանտառ» ՊՓԲԸ ենթակայությունից դուրս են բերվում պետարգելոցները, Եղվարդի պետտնկարանն ու դենդրոպարկերը և հանձնվում ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության անմիջական ենթակայությանը:

 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի 1054-Ն հրամանով «Հայանտառ» ՊՓԲԸ հիման վրա ստեղծվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է «Հայանտառ» ՊՓԲԸ իրավահաջորդը։

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1237-Ն որոշմամբ՝ ստեղծվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը։ 2004 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կից ստեղծվում է Անտառների կառավարման գործակալություն։

 ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7-Ն որոշման համաձայն` անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի պետական կառավարման իրավասությունները վերապահվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, իսկ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրավասությունները` ՀՀ բնապահպանության նախարարությանը:

 ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի թիվ 7-Ն որոշման համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հանձնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը:

 2005 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կից գործող Անտառների կառավարման գործակալությունը վերանվանվում է Անտառների կառավարման վարչություն։ Մոտ 6 ամիս գործելուց հետո այս վարչությունը միացվում է նախարարությանը կից Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչությանը և ընդհանուր վարչությունը վերանվանվում է Բուսաբուծության, անտառաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն, ինչի ենթակայության տակ գործում էր անտառաբուծության բաժինը, որին էլ ենթարկվում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։

2012 թվականին Բուսաբուծության, անտառաբուծության և բույսերի պաշտպանության վարչությունից առանձնացվում է անտառների կառավարման մասը և ստեղծվում է Անտառաբուծության բաժին, որը գործում է մինչև 2018 թվականը։

 2017 թվականի նոյեմբերին ընդունվում է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, որը հիմք է հանդիսանում Անտառային կոմիտե ստեղծելու համար։

 ՀՀ նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի Բնապահպանության նախարարի հրամանագրով ստեղծվում է Անտառային կոմիտեն, որի ենթակայության տակ 2018 թվականից սկսում է գործել «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։

 2017 թվականից Անտառաբուծության բաժնի մի շարք գործառույթներ վերապահվում են Անտառային կոմիտեին։

 2018 թվականին բնապահպանության նախարարությունում ստեղծվում է Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչությունը, որի շրջանակներում 2020 թվականին առանձնացվում են երկու առանձին վարչություններ Անտառային քաղաքականության վարչություն ու ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչություն։

 2019 թվականի մայիսի 8-ի «ՀՀ օրենքը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքով՝ ՀՀ բնապահպանության նախարարությունն անվանափոխվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։

 2019 թվականից Անտառային կոմիտեն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ։

 

2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքով՝ ուժի մեջ է մտնում «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքը, դրա ընդունման հետ միաժամանակ փոփոխություն է կատարվում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում, որոնց արդյունքում  2024 թվականի հունվարի 1-ից Անտառային կոմիտեի փոխարեն գործում է Էկոպարեկային ծառայությունը՝ նոր լիազորություններով։

Թարմացվել է՝ 18.06.2025