«Անտառային լանդշաֆտների վերականգնում»

«Անտառային լանդշաֆտների վերականգնում»

Սեպտեմբերի 11-ին Երևանում անցկացվել է «Անտառային լանդշաֆտների վերականգնում» զեկույցի և ԳԷՀ-ՇՄԶԳ աջակցությամբ իրականացվող RESILAND Armenia ծրագրի ներկայացումը
Սեպտեմբերի 11-ին Երևանում անցկացվել է «Անտառային լանդշաֆտների վերականգնում» զեկույցի և ԳԷՀ-ՇՄԶԳ աջակցությամբ իրականացվող RESILAND Armenia ծրագրի ներկայացումը

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում «Մարտահրավերների հաղթահարում` Հայաստանում անտառվերականգնման ծավալների ավելացման համար» թեմայով։ Պանելային քննարկմանը մասնակցել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։

Փարիզի համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին Կառավարության 2021թ-ի ապրիլի 22-ի 610-Լ որոշմամբ սահմանված գործողությունների շրջանակներում Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2030 թվականը Հայաստանի անտառային ծածկույթը հասցնել 12,9 տոկոսի։

Անտառային կոմիտեի նախագահը, խոսելով համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մասին, ասել է, որ դրանց կատարումը հնարավոր է ապահովել համայնքների և պետական այլ մարմինների հետ սերտ համագործակցության արդյունքում, որը հնարավորություն կընձեռի համայնքային և մասնավոր անտառներ ստեղծելով ապահովել անտառային ծածկույթի ավելացումը։ Ներկա փուլում համայնքերի հետ բանակցությունների արդյունքում անտառապատման նպատակով հատկացվել է ավելի քան 5000 հեկտար հողատարածք։ Աշխատանքները կրում են ընթացիկ և շարունակական բնույթ։

Նա նշել է, որ ընթանում են բանակցություններ, որոշակի հողատարածքների նպատակային նշանակությունը և պատկանելիությունը փոխելու ուղղությամբ, որպեսզի ավելացվի անտառային ֆոնդը։

Կոմիտեի նախագահը կարևորել է հասարակական սեկտորի, միջազգային գործընկերների մասնակցությունը և նշել, որ ակնկալվում է նրանց հետ սերտ շարունակական գործակցություն։