Հանդիպում ՄԱԿ-ի ՊԳԿ (FAO) տարածաշրջանային գրասենյակի պատվիրակության հետ

Հանդիպում ՄԱԿ-ի ՊԳԿ (FAO) տարածաշրջանային գրասենյակի պատվիրակության հետ

Պատվիրակության կազմում էին «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական վայրերում կանաչ տարածությունների աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը, ՊԳԿ ազգային փորձագետ, ծրագրի խորհրդատու Ռուբեն Պետրոսյանը, անտառվերականգնման և անտառների կայուն կառավարման գծով մասնագիտացած փորձագետներ Ռավյա Հուսեյնը և Կենիչի Շոնոն, միջազգային փորձագետ Էդուարդ Հոքբիխլերը։

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նաև Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Անտառային կոմիտեի անտառների և անտառային հողերի կառավարման վարչության պետ Էդուարդ Կարապետյանը և Անտառային կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետ Մարիամ Մովսեսյանը։

Ողջունելով ներկաներին՝ Վլադիմիր Կիրակոսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՊԳԿ ներկայացուցիչներին հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ երկու կառույցների միջև առկա փոխգործակցությունը միայն թղթի վրա չի ամրագրվում և արդեն իսկ տեսանելի են հստակ գործնական քայլեր, որոնց շնորհիվ ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ լավագույնս է կյանքի կոչվելու։

Նորբերդ Ուինքլերն էլ իր հերթին ընդգծել է, որ իրենք ևս իրականացվող աշխատանքներում նկատում են դրական արդյունք, շարժ և այդ ամենը տեսանելի է հենց գործնական տիրույթում։

Ունքլերն այնուհետև նշել է, որ իրենց աշխատանքային խմբում ընդգրկված միջազգային փորձով մասնագետներն առաջիկա շաբաթվա ընթացքում այցելելու են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ սերմերի հավաքման-պահպանման, անտառային հողերի դեգրադացման դեմ պայքարի, անտառվերականգնման, անտառապատման, կոճղաշիվային վերաճի օժանդակման և մի շարք այլ աշխատանքերին վերաբերող թրեյնինգներ իրականացնելու նպատակով։

Խոսելով անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների մասին՝ ծրագրի ազգային համակարգող Կյուրինյանը նշել է, որ իրենք նախատեսում են նոր մեթոդոլոգիա առաջարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։

Անդրադառնալով առաջարկվող անտառվերականգնման և անտառապատման նոր մեթոդոլոգիային՝ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում անտառապատում իրականացնելու ճանապարհին ակնկալում է մշտադիտարկման ներկայացում, որը պետք է ներառի հողի նախապատարաստման աշխատանքների, տնկման հստակ ժամանակացույցի, աշխատուժի և ընթացիկ աշխատանքներին վերաբերող այլ տեղեկություններ։

Հայաստանում նախադեպը չունեցող անտառապատման և անտառվերականգնման մեթոդոլոգիայի փորձարկումը նախատեսվում է իրականացնել ս.թ. հոկտեմբերի 16-17-ին, Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախապես ընտրված 5 տարբեր տարածքներում։ Փորձարկմանը մասնակցելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի շուրջ 30 աշխատակից՝ հետագայում արդեն յուրացրած գիտելիքները կիրառելու և այլ աշխատակիցներին փոխանցելու նպատակով։