Ամփոփվել է Սյունիքի մարզ կատարած աշխատանքային հանդիպումը

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը հագեցած հանդիպումներ է ունեցել ծառայության Սյունիքի մարզային վարչությունում։ Եռօրյա գործուղման աշխատանքային օրակարգն ամփոփվել է մարզային վարչության Կապանի տեղամասում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությամբ, որը վարել է Վլադիմիր Կիրակոսյանը։

Խորհրդակցության մեկնարկին Սյունիքի մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանը նախ անդրադարձել է ծառայության ներսում ձևավորված նոր կառավարչական մշակույթի արդյունավետությանը, ապա կարևորել է ծառայության համապատասխան ստորաբաժանմանը տրամադրվող ամենօրյա ամփոփ հաշվետվությունների շարունակականությունն ու գործնական նշանակությունը։

Հաջորդիվ մարզային վարչության ղեկավար կազմը ներկայացրել է իրենց պատասխանատվության գոտում վարչության պաշտոնական գործարկումից մինչ օրս իրականացված գործնական քայլերը, արձանագրված արդյունքներն ու ցուցանիշները, քննարկվել է արդեն մշակված երթուղիների ճշգրտման և համաձայնեցման հարցը, այնուհետև ներկայացվել է իրավախախտումների արձանագրման վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ ըստ տեղամասերի, այդ թվում՝ վարույթի փուլում գտնվող դեպքերի մասով։Ծառայության պետ Կիրակոսյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ առանցքային է այն հարցը, որ որևէ իրավախախտում չպետք է վրիպի ծառայողների տեսադաշտից, իսկ թերացումները պետք է բացառվեն։ Նրա խոսքով՝ էկոպարեկային ծառայության առաքելությունն ուղղված է ոչ միայն իրավախախտումների արձանագրմանը, այլև դրանց կանխմանն ու կանխարգելմանը։

Կիրակոսյանը շեշտել է նաև, որ Սյունիքի մարզային վարչության գործունեությունը ծառայում է որպես ծառայության ամբողջական պատկերի արտացոլում, և հանրային ընկալումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեծապես ձևավորվում է հենց Սյունիքից ստացվող արդյունքներով և այս համատեքստում Կիրակոսյանը կարևորել է ծառայողների կողմից սեփական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը՝ մասնավորապես ոլորտին առնչվող օրենքների և իրավական բազայի խորը իմացությունը։

Կարիքների գնահատման և գույքագրման համատեքստում քննարկման ընթացքում մանրամասնորեն ներկայացվել են ընթացիկ խնդիրները, առաջարկվել են հնարավոր լուծումներ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Քննարկմանն անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածության դրական միտմանը՝ ընդգծելով, որ կանանց աճող մասնակցությունն էկոպարեկային ծառայության գործառույթներում ոչ միայն հարստացնում է թիմային մտածողությունն ու աշխատանքի որակը, այլև արտացոլում է պետության որդեգրած ներգրավող և հավասար հնարավորություններ ապահովող քաղաքականության ուղղվածությունը։

Կիրակոսյանի խոսքով՝ այս երևույթը ողջունելի է ոչ միայն ծառայության ներսում, այլ նաև համահունչ է երկրի կողմից որդեգրված ընդհանուր մոտեցումներին, այն է կանանց մասնակցությունը դիտարկվում է որպես կայուն կառավարման, պատասխանատվության և բարեփոխումների հաջողության անբաժանելի պայման։

Հանդիպման եզրափակիչ խոսքում Կիրակոսյանը ծառայակիցներին հորդորել է շարունակաբար վեր հանել առկա խնդիրները, հետևողականորեն ձգտել դրանց լուծմանը, հանդես գալ նախաձեռնողականությամբ, տրամաբանված քայլերով և նպատակաուղղված առաջարկներով։ Նա ընդգծել է նոր գաղափարների շրջանառության և գործնական առաջարկների անհրաժեշտությունը՝ դրանք դիտարկելով որպես Էկոպարեկային ծառայության զարգացման, հետևաբար նաև՝ հանրապետական մակարդակով առաջընթացի ապահովման իրական հնարավորություններ։

Կիրակոսյանը շեշտել է, որ ծառայության յուրաքանչյուր աշխատող, անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է առաջնորդվի այն համոզմամբ, որ իր աշխատանքը, իր ներդրումն ուղղված է պետականության ամրապնդմանը։ Պետք է գործել այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ արվում է ի շահ պետության, նրա կայունության և պետականաշինության ռազմավարական հեռանկարի։

03.07.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 04.07.2025