Արենի համայնքում անցկացվել է Ազգային խորհրդատվական ժողով

2025 թվականի հուլիսի 23-24-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվեց Ազգային խորհրդատվական ժողով՝ նվիրված այլ արդյունավետ բնապահպանական միջոցառումներին (OECMs)։

Ժողովն իրականացվեց «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակում՝ Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) և Գերմանական զարգացման բանկի (KfW) նախաձեռնությամբ՝ համագործակցությամբ Շրջակա միջավայրի նախարարության հետ։

Միջոցառման նպատակն էր զարգացնել ընդհանուր պատկերացումներն այլ արդյունավետ բնապահպանական միջոցառումների վերաբերյալ՝ որպես բնության պահպանության նորարար և մասնակցային մոտեցում։

Վերջինս ընդլայնում է պահպանվող տարածքների սահմաններից դուրս կիրառվող պահպանության գործիքակազմը և ենթադրում ավանդական քաղաքականության նոր մակարդակ՝ նոր դերակատարների և տարածքների ներգրավվածության հաշվին։

Քննարկմանը մասնակցեցին պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, բնապահպանական կառույցների և համայնքների ներկայացուցիչներ։

Քննարկմանը մասնակցեց Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը, ով ներկայացրեց ծառայության ներդրման նպատակները, գործառույթներն ու առաքելությունը՝ բնության պահպանության ոլորտում հսկողության, կանխարգելման և իրազեկման ուղղություններով։

Մասնակիցները բարձր գնահատեցին ծառայության դերը բնության պահպանության ներուժն ուժեղացնելու գործում՝ հատկապես այլ արդյունավետ բնապահպանական միջոցառումների ձևաչափում։

Քննարկումների ընթացքում կարևորվեց նաև համայնքների մասնակցությունը՝ որպես կայուն պահպանության միջոցառումների հիմք։

Այլ արդյունավետ միջոցառումներն ընդլայնում են բնության պահպանության հնարավորությունները ՝ թույլ տալով պահպանել էկոլոգիական արժեք ունեցող տարածքներն առանց դրանք պարտադիր վերածելու հատուկ պահպանվող տարածքների։

Հատկանշական է, որ այս միջոցառումների կիրառումը հնարավորություն է տալիս պահպանության գործընթացում ներգրավել տեղական համայնքներին, մասնավոր հատվածին կամ այլ շահագրգիռ կողմերին։

Հանդիպում-քննարկման շրջանակում մասնակիցները ծանոթացան WWF-ի աջակցությամբ հիմնադրված գինու արտադրամասին, ապա դեպի համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտային տարածքի դիտակետ դաշտային այցը, հնարավոր դարձրեց բնական միջավայրում դիտարկել բեզոարյան այծերին։

Միջոցառման արդյունքները կարևոր ուղենիշ կդառնան Հայաստանում այլ արդյունավետ միջոցառումների ինստիտուցիոնալ հիմքերի մշակման և ռազմավարական ներդաշնակեցման համար։

Էկոպարեկային ծառայության ակտիվ ներգրավվածությունը բնական լանդշաֆտների պահպանության գործընթացում կնպաստի վերահսկելիության, թափանցիկության և բնապահպանական անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը։

Այս դերակատարությունը համահունչ է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի նպատակներին։

#COP17-ին ընդառաջ կարևոր է վերահաստատել ծառայության նշանակությունը ազգային և միջազգային բնապահպանական պարտավորությունների իրագործման համատեքստում։

25.07.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 28.07.2025