Արուսյակ Սիրադեղյանը Չիանաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է «Գլոբալ կանաչ և կայուն զարգացում» թեմայով սեմինար-դասընթացին

Սույն թվականի հունիսի 5-ից 18-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տեղի է ունեցել «Գլոբալ կանաչ և կայուն զարգացում» թեմայով սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել էր Ֆուջյան նահանգի միջազգային տնտեսական համագործակցության կենտրոնի կողմից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Առևտրի նախարարության ֆինանսավորմամբ:
Դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Հարավաֆրիկյան Հանրապետության, Տանզանիայի Միացյալ Հանրապետության, Նիգերիայի Ֆեդերատիվ Հանրապետության, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության, Գամբիայի պետական կառույցների, բնապահպանական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը:
Դասընթացն ուղղված էր գլոբալ կանաչ և կայուն զարգացման հիմնախնդիրների վերհանմանը և երկրների փորձի փոխանակմանը: Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու կարողությունները՝ կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների, պետական քաղաքականությունների և նորարարական լուծումների կիրառման հարցերում։
Դասընթացին դասախոսություններով հանդես են եկել Չինաստանի Ֆուջյան նահանգի տարբեր համալսարանների պրոֆեսորներ ու դասախոսներ, ովքեր ներկայացրել են Չինաստանի փորձը արտանետումների կրճատման, կանաչ տնտեսության քաղաքականության մշակման ու զարգացման, միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման, գլոբալ կայուն զարգացման համար նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերում:
Տեղի են ունեցել նաև մի շարք գործնական ու մշակութային այցելություններ, մասնավորապես՝ Գուանչժոու նահանգի ազգային տվյալների պահպանման ցուցահանդես, երկրաբանական թանգարան, Չինաստանի ավանդական բժշկության կենտրոն, Հուանգգուոշու ջրվեժ և այլն:
Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված «Գլոբալ կանաչ և կայուն զարգացումը Հայաստանում» խորագրով զեկույցում, որպես անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ոլորտում կատարված բարեփոխում նշվել է Էկոպարեկային ծառայության ստեղծումը, ներկայացվել ծառայության գորածռույթները, նպատակներն ու խնդիրները: