Աշխատանքային արդյունավետ հանդիպումներ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ում

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմը, ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» տեղամասում հանդիպում է ունեցել Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի և Շվանիձորի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանի հետ։ Քննարկումների առանցքում էին համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը, բնապահպանական մարտահրավերները, աշխատատեղերի ապահովման հնարավորությունները և համայնքների ներգրավվածությունը բնության պահպանության գործընթացներում։
Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը չափազանց կարևոր է և Սյունիքի մարզային վարչությունը որպես տիպային օրինակ կարելի է դիտարկել, թե որքան արդյունավետ կարող է լինել բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների պահպանությունը՝ երկուստեք աշխատանքի և համագործակցության պատրաստակամության արդյունքում։
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ Էկոպարեկային ծառայության գործունեությունը համայնքում նպաստել է էկոմտածողության ձևավորմանն ու բնապահպանական նոր մշակույթի հաստատմանը։
Հանդիպման երկրորդ հատվածում քննարկումներին միացան նաև միջազգային գործընկերները՝ հնարավորություն ընձեռելով քննարկումները տեղափոխել բազմակողմ համագործակցության հարթություն։ Այս ձևաչափով անդրադարձ է կատարվել իրականացվող և նախատեսվող նախագծերին, համատեղ նախաձեռնությունների ամրապնդման ուղիներին և միջազգային լավագույն փորձի ներմուծման հնարավորություններին։
Իր խոսքում Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շեշտել է, որ Հայաստանի ընդհանուր զարգացման հիմնասյունը մարզերի կայուն առաջընթացն է։ «Մեր երկրի կայուն զարգացման ուղին անցնում է մարզային խնդիրների համակարգված հաղթահարման և տեղական ներուժի լիարժեք օգտագործման միջով»,- ընդգծել է Կիրակոսյանը՝ կարևորելով համայնքներում իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների հակահրդեհային համակարգերի ֆունկցիոնալ հնարավորություններին, ինչպես նաև ծառայության կանխարգելիչ բնույթին և արագ արձագանքման կարողություններին։ Առանձնահատուկ քննարկում է ծավալվել էկոտուրիզմի զարգացման միտումներին, գործնական նախադեպերին և այդ ուղղությամբ միջազգային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամասերի ձևավորման ու համալրման սկզբունքներին, էկոպարեկային ծառայողների պատասխանատվության տակ գտնվող տարածքների բաժանման մեխանիզմներին, հերթափոխի տևողության առանձնահատկություններին, ինչպես նաև կարգախմբերի առաջնային խնդիրների սահմանման գործընթացին։
Միջազգային գործընկերները հետաքրքվել են ծառայության կողմից իրականացվող շրջայցերի կազմակերպման մեթոդներով՝ թե՛ ավտոմեքենաներով, թե՛ ոտքով դիտարկումների ձևաչափով, ինչպես նաև համայնքներում էկոկրթության զարգացման ուղղությամբ ձևավորված նախադրյալներով ու դրա գործնական արդյունքներով։
Այս քննարկմանը ևս արծարծվել են բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և արձանագրման ընթացակարգերը, ինչպես նաև դրանց հետևանքով նախատեսվող պատասխանատվության մեխանիզմները։ Խոսքը մասնավորապես այն միջոցառումների մասին էր, որոնք ուղղված են շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատմանը և համարժեք փոխհատուցման ապահովմանը՝ որպես բնապահպանական իրավունքի պահպանման կարևոր գործիք։
Հանդիպման ձևաչափը նախատեսել էր նաև համայնքի բնակիչների ներկայություն, ովքեր կարևորել են այն դրական փոփոխությունները, որոնք նկատելի են դարձել Էկոպարեկային ծառայության գործունեության մեկնարկից ի վեր՝ ընդգծելով հատկապես համայնքում բնապահպանական պատասխանատվության բարձրացման, էկոլոգիական անվտանգության և կայուն զարգացման միտումների ձևավորման դերն ու նշանակությունը։
Քննարկումների ֆոնին հակիրճ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի սոցիալ-բնապահպանական ժառանգությանը։ Մասնավորապես՝ ընդգծվել է Շիկահողի արգելոցի բացառիկ բնույթը՝ հարավկովկասյան մակարդակով եզակի համարվող կուսական անտառներով, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը՝ առանց մարդկային միջամտության։ Անդրադարձ է կատարվել նաև տարածքում գտնվող հնագույն ոռոգման համակարգի ջրատարին, որի պատմությունն ըստ տարածքային տարեգրության, հասնում է մինչև 1650 թվականը։
Միջազգային գործընկերների ներկայությամբ առանձնահատուկ արժեք ու հնչողություն ստացան տեղական գործընկերների կողմից հնչեցված կարծիքները և գնահատականները։ Էկոպարեկային ծառայության գործունեությանը վերաբերող մեկնաբանությունները ոչ միայն խրախուսող ու բարձր գնահատականներով էին հագեցած, այլև օբյեկտիվորեն արտացոլում էին ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը։ Տեղական մակարդակում արձանագրված արդյունքները ներկայացվել են որպես տեսանելի առաջընթացի վկայություն՝ շեշտելով ծառայության համակարգված աշխատանքի ազդեցությունը։
Հանդիպման ընթացքում միջազգային գործընկերները հայտնել են իրենց բարձր գնահատանքը՝ ընդգծելով, որ Հայաստանի կենսաբազմազանության պահպանությունն ունի առանձնահատուկ կարևորություն նաև իրենց երկրների և կառույցների օրակարգերում։ Նրանք վերահաստատել են համատեղ նախաձեռնությունների ընդլայնման պատրաստակամությունը՝ նշելով, որ իրենց այցի ընթացքում տեսածը գերազանցել է սպասելիքները։ Հաճելիորեն զարմանք էր առաջացրել հատկապես ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների մակարդակը, ինչը դիտարկվել է որպես ոլորտում պետության ունեցած խորքային մոտեցման վկայություն։
Հանդիպման ավարտին Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ամփոփել է երկօրյա քննարկումները և ընդգծել․
«Մեր կարգախոսն ու տեսլականը միայն Էկոպարեկային ծառայության մասին չէ։ Այն լիովին համահունչ է շրջակա միջավայրի նախարարության քաղաքականությանը և արժանացել է նաև պետական բարձր մակարդակով ընդունելության։ Մեր աշխատանքի հիմքում ընկած է ոչ միայն յուրաքանչյուր ծառի, այլ անգամ նրա յուրաքանչյուր ճյուղի պահպանության կարևորության խոր գիտակցումը»։
Աշխատանքային հերթական օրն ամփոփվել է փոխադարձ վստահության և համատեղ ծրագրերի ընդլայման պատրաստակամության մթնոլորտում։