Աշխատանքային հանդիպում առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հետ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ աշխատանքային հերթական քննարկումն է կազմակերպվել ծառայությունում, որին ներկա էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը։ Համատեղ աշխատանքային հանդիպումը միավորել էր առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող մի շարք առաջատար ընկերություններին, իսկ քննարկման առանցքում՝ համագործակցության կիրառական ուղիների հնարավորություններն էին։

 Հանդիպման նպատակն էր քննարկել Էկոպարեկային ծառայության խնդիրների և լիազորությունների համատեքստում բնապահպանության ոլորտում վերահսկողական նորարարական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները։ Քննարկմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են իրենց մշակած ապրանքների, ծառայությունների և լուծումների հնարավորությունները, կիրառական ուժեղ կողմերը, ֆունկցիոնալությունն ու արժեքային այն առավելությունները, որոնք կարող են արդյունավետ կերպով համադրվել Էկոպարեկային ծառայության գործառույթների և իրավասությունների շրջանակում։

Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն իր խոսքում ներկայացրել է ծառայության խնդիրները, լիազորություններն ու գործառույթները, առկա իրավիճակների մասով որդեգրած մոտեցումները։ Մասնակից-ընկերությունների ներկայացուցիչների կողմից ներկայացվել են համարժեք տեղեկատվության համադրումն ու անալիտիկ վերլուծությունը՝ նպատակ ունենալով գնահատել դրանց պրակտիկ կիրառելիությունը՝ էկոպարեկային ծառայության կառուցվածքի և գործունեության ռազմավարական ուղղությունների համատեքստում։ Քննարկվել են նաև տվյալների պրոյեկտման հնարավոր մեխանիզմները՝ վերահսկողության գործընթացների թվայնացման, մոնիթորինգի բարձր ճշգրտության ապահովման և կանխարգելիչ գործողությունների նախապատրաստման համար։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հրդեհավտանգ հատվածների գոտիավորման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով կլիմայական ու մարդածին գործոններով դրանց պայմանավորվածությունն ու ռիսկայնության աստիճանը։ Խնդրի հնարավոր լուծումների շուրջ քննարկումները հարում էին աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռաչափման տվյալների և արհեստական բանականության կիրառման միջոցով դինամիկ ռիսկային քարտեզների ստեղծման քաղաքականությանը։

 Տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համագործակցել նման բարձր առաջնահերթություն ունեցող ուղղությամբ և առաջարկեցին իրականացնել փորձնական նախագծեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել տվյալների հավաքագրման մեթոդները, վերլուծության ալգորիթմները և ռիսկային գոտիների մոդելավորման ճշգրտությունը։ Հատկանշական է, որ ընկերությունների միջև համագործակցային առկա հարաբերությունները տարածվում են ինչպես ներհանրապետական, այնպես էլ արտաքին շուկաների մակարդակի վրա։ հանդիպման ընթացքում խոսվել է պահպանության ենթակա թիրախների և գերակայությունների փոփոխության մասին, ինչը պայմանավորված կարող է լինել ինչպես կլիմայական ու բնական ռիսկերով, այնպես էլ մարդկային գործունեության դինամիկ ազդեցություններով։ Այս համատեքստում կարևորվել է ճկուն և տվյալահեն մոդելների մշակումն այնպիսի գործիքների միջոցով, որոնք թույլ կտան Էկոպարեկային ծառայությանը ժամանակին արձագանքել թիրախային գոտիների փոփոխվող ռիսկայնությանը, վերանայել վերահսկողության առաջնահերթությունները և ուղղորդել ռեսուրսներն առավել ազդեցիկ ձևով։ Քննարկումների ընթացքում կարևոր ընդգծում է ստացել նաև այն հանգամանքը, որ Էկոպարեկային ծառայության գործառույթները կառուցվածքային առումով ներառական են, ունեն միջկառուցվածքային կապեր ապահովող համակարգային ներուժ և այս առումով պետական մնացյալ կառույցների, գիտական և մասնավոր հատվածի հետ համագործակցության խողովակներն ակտիվ պահելու հնարավորությունները ևս բնապահպանական ռիսկերին համադրված մեխանիզմներով արդյունավետ արձագանքելու միջոց են։

Քննարկումն ամփոփել է էկոպարեկային ծառայության պետը՝ նշելով, որ հանդիպումը ծառայեց որպես օգտակար հարթակ՝ կողմերի դիրքորոշումների և հնարավոր համագործակցության ուղիների նախնական ներկայացման համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունն աշխատանքային հաջորդ հանդիպմանը։

26.06.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 26.06.2025