Աշխատանքային հանդիպում Շիրակի մարզպետի հետ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը Շիրակի մարզում է:

Աշխատանքային օրվա մեկնարկին Ծառայության ղեկավարը Շիրակի մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ:

Ողջունելով հերթական աշխատանքային հանդիպման կազմակերպումը՝ երկուստեք վերահաստատվել է համագործակցության հանձնառությունը:

Վլադիմիր Կիրակոսյանն իր խոսքում նշել է, որ Էկոպարեկային ծառայության Շիրակի և Արագածոտնի մարզային վարչության ամբողջական և լիարժեք գործունեության մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում: Կիրակոսյանի խոսքով՝ մարզային վարչության ամբողջական համալրումը միտված է լուծելու ոչ միայն մարզի անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցը, այլ նաև մարզի բնակչության սոցիալական խնդիրները՝ ապահովելով հետաքրքիր ու դինամիկ աշխատանք՝ գրավիչ աշխատավարձով և սոցիալական երաշխիքներով:

Դավիթ Առուշանյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ կարևորում է ծառայության մարզային վարչության գործունեությունը, վստահ է, որ մարզի՝ ծառայության պահպանության ներքո գտնվող տարածքների պահպանությունն իրականացվելու է պատշաճ և այդ համատեքստում կարևոր են նաև գործընկերային հարաբերությունները:

Այցի կարևոր բաղադրիչներից էր նաև գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցության խորացման և փոխգործակցության նոր մեխանիզմների մշակումն ու զարգացումը, ինչը միտում ունի նպաստելու բնապահպանական հսկողության համակարգի առավել համակարգված ու նպատակային գործունեությանը մարզում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության նկատմամբ անհատական և հանրային պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությանը, գործող խնդիրների ճանաչման, լուսաբանման և հանրային ընկալումների ճշգրտման գործընթացին:

Այս միջոցառումները միտված պետք է լինեն հանրության հետ երկխոսության խորացմանը, տարածքային բնապահպանական խնդիրների գույքագրմանը և էկոլոգիական օրակարգի շուրջ ավելի իրազեկ ու պատասխանատու հանրային դիրքորոշումների ձևավորմանը։

Կիրակոսյանը նշել է նաև, որ էկոպարեկային ծառայության ներկայությունը մարզում հանրային ներգրավվածության և վստահության հիմքով կառուցվող պատասխանատու գործընկերության կարևոր դրույթներից է։

24.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 29.09.2025