Աշխատանքային հանդիպում Սյունիքի մարզպետարանում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանն աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում, որտեղ հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարե Ղազարյանի, Հայկ Հարությունյանի և մարզպետի խորհրդական Կարեն Բալյանի հետ։

Ողջունելով հերթական աշխատանքային հանդիպման կազմակերպումը՝ կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը նշել է, որ այցի նպատակն է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության շրջանակներում մոնիթորինգային աշխատանքների իրականացումը՝ ուղղված վարչության կողմից արդեն մեկնարկած գործառույթների վերլուծությանը, ընթացիկ գործընթացների գնահատմանը, ինչպես նաև ապագա քայլերի ավելի արդյունավետ պլանավորմանը։

Այցի կարևոր բաղադրիչներից էր նաև գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցության խորացման և փոխգործակցության նոր մեխանիզմների մշակումն ու զարգացումը, ինչը միտում ունի նպաստելու բնապահպանական վերահսկողության համակարգի առավել համակարգված ու նպատակային գործունեությանը մարզում։

Ծառայության պետն ընդգծել է, որ Սյունիքի մարզն ունի ոչ միայն ռազմավարական նշանակություն բնապահպանական, սոցիալ-տնտեսական ու տարածքային կայունության տեսանկյունից, այլ նաև առանձնահատուկ տեղ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ էկոպարեկային ծառայության առաջին մարզային վարչությունը պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը հենց այստեղ։ Այս փաստը խորհրդանշական է՝ որպես վստահության և պատասխանատվության նշան մարզի հանդեպ, ինչպես նաև՝ որպես կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մեկնակետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք առանցքային թեմաների, մասնավորապես

Սյունիքի մարզի համար նախատեսված բարձր արդյունավետությամբ, հակահրդեհային համակարգերով հագեցած գործառնական ավտոմեքենաների տրամադրմանը, որոնք զգալիորեն կբարձրացնեն մարզային վարչության արձագանքման և վերահսկողության օպերատիվ կարողությունները

Մարզային վարչության համար նախատեսված նոր հասցեին և շենքային պայմաններին, դրանց տեխնիկական հագեցվածությանը, համապատասխան փաստաթղթավորմանը և հետագա անելիքներին

Միջազգային գործընկերների հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրերի ու տեխնիկական աջակցության մասով

Ապրիլի 11-ից մինչ օրս հայտնաբերված և արձանագրված բնապահպանական իրավախախտումների վերաբերյալ կարճ վիճակագրությանը

Ծառայության շրջանակներում օպերատիվ կառավարման կենտրոնի առկայությունն ու ֆունկցիոնալությանը, ինչի շնորհիվ արագ արձագանքման և համակարգված կառավարման ապահովման գործում անխուսափելիորեն կունենանք բարձր արդյունավետություն։

Մարզպետի աշխատակազմի գործընկերներն անդրադարձել են այն հանգամանքին, որ հասարակության շրջանում ձևավորվել է դրական վերաբերմունք էկոպարեկային ծառայության ինստիտուցիոնալ ամբողջականության և առաքելության նկատմամբ, ինչը փաստվում է նաև այն հանգամանքով, որ շատ քաղաքացիներ հետաքրքրված են ծառայության շարքերում ներգրավվածությամբ։

Գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզի բնակչության հետ իրազեկման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, որոնք կնպաստեն գիտելիքների տարածմանը հետևյալ ուղղություններով պետական անտառներից, անտառային հողերից և բնության հատուկ պահպանվող տարածքներից օգտվելու սահմանված կարգը, գործող օրենսդրական և իրավական սահմանափակումները, բնության նկատմամբ անհատական և հանրային պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը, գործող խնդիրների ճանաչման, լուսաբանման և հանրային ընկալումների ճշգրտման գործընթացը։

Այս միջոցառումները միտված պետք է լինեն հանրության հետ երկխոսության խորացմանը, տարածքային բնապահպանական խնդիրների գույքագրմանը և էկոլոգիական օրակարգի շուրջ ավելի իրազեկ ու պատասխանատու հանրային դիրքորոշումների ձևավորմանը։

Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանն իր ամփոփիչ խոսքում ընդգծել է գործընկերության կարևորությունը, տարածքային կառավարման մոդելի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը և ծառայության պատրաստակամությունը՝ գործել հավասարապես թե՛ կանխարգելիչ, թե՛ զարգացման օրակարգով։ Նա նաև նշել է, որ էկոպարեկային ծառայության ներկայությունը մարզում հանրային ներգրավվածության և վստահության հիմքով կառուցվող պատասխանատու գործընկերության կարևոր դրույթներից է։

 

Հանդիպումն անցկացվել է գործընկերային և արդյունավետ քննարկումների մթնոլորտում՝ հիմք դնելով հետագա աշխատանքների ավելի համակարգված և արդյունավետ շարունակության համար։

03.07.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 04.07.2025