Աշխատանքային քննարկում էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության անձնակազմի հետ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Կիրակոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել Ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության անձնակազմի հետ:

Ողջունելով ներկաներին՝ Կիրակոսյանը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումը միտում ունի ընդգրկուն քննարկում ծավալել մարզային վարչության բոլոր աշխատակիցների հետ և լսելու նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները և ևս մեկ անգամ ներկայացնելու ծառայության կողմից որդեգրված աշխատելաոճը և մոտեցումը բնության հատուկ պահպանող տարածքների և անտառների պահպանության գործում:

Ծառայության ղեկավարը ներկաներին հորդորել է իրենց աշխատանքին մոտենալ սրտացավությամբ, լինել նվիրված և ստանձնած գործին մոտենալ պատասխանատվությամբ, որպեսզի ապագա սերունդներին կարողանանք փոխանցել հարուստ կենսաբազմազանություն և առողջ բնություն։

«Պետք է բացառենք կոռուպցիայի ցանկացած դրսևորում, մենք չենք կարող դա հանդուրժել, «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով էկոպարեկային ծառայողին վերապահված լիազորություններին պետք է քաջատեղյակ լինենք և չվերազանցենք մեր լիազորությունները, ամեն օր աշխատենք մեր գիտելիքների կատարելագործման վրա, որպեսզի մեր կարևոր առաքելությունն ավելի վստահ անենք»,- ասել է Կիրակոսյանը, ապա նշել՝ քանի որ շուտով Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մրցութային կարգով համալրման պաշտոնական մեկնարկն է տրվելու, հորդորում եմ բոլոր այն աշխատակիցներին, ովքեր չունեն բարձրագույն կրթություն նախաձեռնողականություն ցուցաբերեն նաև իրենց բարձրագույն կրթության ձեռքբերման հարցում։

Խոսելով մարզային վարչության առանձնահատկությունների մասին՝ Կիրակոսյանն ընդգծել է Սևանա լճի ռազմավարական նշանակությունը։ Անդրադառնալով սիգ ձկնատեսակի որսի արգելքին՝ Ծառայության ղեկավարը նշել է, որ պետք է, իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ համագործակցելով, խստագույնս պահպանել սիգի որսի արգելքը՝ սահմանված կարգով։ Այս համատեքստում Կիրակոսյանը կարևորել է ազգաբնակչության հետ դինամիկ հաղորդակցումը և նրանց հետ ևս աշխատանք տանելու, իրազեկելու անհրաժեշտությունը։

Ամփոփելով խոսքը՝ Կիրակոսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պատրաստ է լսել յուրաքանչյուր աշխատակցի բարձրաձայնած խնդիրը, օգնել, սատարել, բայց միևնույն ժամանակ որևէ կերպ չի հանդուրժելու անպատասխանատու մոտեցումն աշխատանքին։

25.09.2025

Պատկերասրահ