Աշխատանքային քննարկում Էկոպարեկային ծառայությունում

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ղեկավարի մոտ կայացած աշխատանքային քննարկման առանցքում էին պահպանության գործընթացների բարելավման ու հսկողական մեխանիզմների առավել արդյունավետ կազմակերպման հարցերը։
Քննարկումների շրջանակում անդրադարձ կատարվեց Ծառայության իրականացման ձևերի կատարելագործմանը, գործիքակազմի արդիականացման հնարավորություններին և կառույցի կառուցվածքային զարգացման ուղենիշներին։ Ներկայացվեցին առաջարկություններ՝ միտված պահպանության ապահովման առավել պատշաճ կազմակերպմանը, հսկողության գործառույթների նոր մոտեցումներին և դրանց ամրապնդմանը, ինչպես նաև Ծառայության ինստիտուցիոնալ հիմքերի հզորացմանը։
Հատուկ կարևորություն տրվեց առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմանը՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի օգտագործմանն ու դրանցից ստացվող մոնիթորինգային տվյալների բազմակողմանի վերլուծությանը։ Առանձնացվեց նաև տեսանկարահանող սարքավորումների միջոցով տեղեկատվության ամբողջական ստացման և օպերատիվ մշակման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։
Քննարկման արդյունքներով Ծառայության պետի կողմից սահմանվեցին հանձնարարականներ` միտված Ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, կառավարման ճկունության բարձրացմանը և պահպանվող տարածքներում հսկողական գործունեության առավել բարձր մակարդակի ապահովմանը։