Ասուլիս՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

Էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը հյուրընկալվել է «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, որտեղ անդրադարձել է ծառայության կողմից իրականացվող 24-ժամյա հսկողական և վերահսկողական մեխանիզմներին:
Ըստ Կարապետյանի՝ այս մոդելը ոչ միայն բարձրացնում է բնապահպանական իրավախախտումների կանխման արդյունավետությունը, այլև ծառայում է որպես օրինակ բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման գործում։
Նա շեշտել է, որ Էկոպարեկային ծառայությունն այսօր հանդես է գալիս որպես պետության լիազորված և գործող մարմին՝ բնության պահպանության առաջնագծում՝ իր վրա վերցնելով էկոհամակարգերի անվտանգության ապահովման և կենսաբազմազանության պահպանման պատասխանատվությունը։
Կարապետյանն իր խոսքում նշել է, որ Էկոպարեկային ծառայության լիազորություններն ընդգրկում են ոչ միայն իրավախախտումների արձանագրումը և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, այլև հստակ մեխանիզմներ՝ անտառային հրդեհների կանխարգելման, դրանց արձագանքման և հետևանքների նվազեցման ուղղությամբ։
Կարապետյանը նշել է, որ ծառայությունը պատասխանատու է հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը վերահսկելու, խախտումների դեպքում իրավական գործընթացներ նախաձեռնելու, ինչպես նաև բարձր ռիսկային շրջաններում մշտադիտարկում և տեղեկատվական, իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս լիազորությունները, ինչպես ընդգծել է վարչության ղեկավարը, վճռորոշ դեր են խաղում շրջակա միջավայրի կայունության պահպանման գործում՝ հատկապես կլիմայական փոփոխություններով պայմանավորված հրդեհային ռիսկերի աճի ֆոնին։
Վարչության պետը շեշտել է նաև, որ անտառային տարածքների անվտանգության ապահովումը պահանջում է համակարգված մոտեցում, և այդ առումով, Էկոպարեկային ծառայությունն առաջնորդվում է ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային չափանիշներով՝ գործելով պետության անունից և ի նպաստ հանրային շահի։