Բնապահպանական հսկողությունը՝ որպես բնական վտանգների նվազեցման առանցքային մեխանիզմ. օպերատիվ աշխատանքային խմբի նիստում ներկայացվել են էկոպարեկային ծառայության շեշտադրումները

ՀՀ կառավարության կողմից ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) հերթական նիստը, որը տեղի է ունեցել այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 7-ին, ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում, կենտրոնացել էր կլիմայական և բնական վտանգների բացահայտման, կանխարգելման և կառավարման խնդիրների շուրջ։

Նիստին մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Կիրակոսյանը, ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ և պետական կառույցների ղեկավարներ։

Հիշեցնենք, որ Էկոպարեկային ծառայությունը, որպես պետական ծառայություն, իր լիազորությունների շրջանակում հսկում է բնության հատուկ պահպանվող տարածքները, պետական անտառները և անտառային հողերը։

«Էկոպարեկային ծառայության թիվ մեկ խնդիրն ու գործառույթը պահպանությունը, մշտադիտարկումն ու հսկողությունն է։ Մենք չենք իրականացնում անտառտնկման կամ անտառվերականգնման աշխատանքներ, սակայն պատրաստ ենք աջակցել և օժանդակել նման ծրագրերի իրագործմանն այնտեղ, որտեղ դա համադրվում է մեր առաքելության ու գործունեության հետ», — իր խոսքում ընդգծեց Վլադիմիր Կիրակոսյանը։

 

Նրա մեկնաբանությամբ՝ ծառայության առանցքային նպատակը մնում է ապօրինի ծառահատումների կանխումը, իրավախախտումների բացահայտումը և կանխարգելումն այն տարածքներում, որոնք գտնվում են մեր հսկողության պատասխանատվության ներքո։

Նիստի ընթացքում վեր հանվեց այն կենսական կապը, որը գոյություն ունի սողանքների ակտիվացման և անտառածածկույթի նվազման միջև։ Այս առումով արձանագրվեց, որ անտառների պահպանությունն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև հակասողանքային նշանակություն։

Էկոպարեկային ծառայության պետը վերահաստատեց, որ ծառածածկույթի պահպանությունը նպաստում է հողի կայունությանը, ծառերի արմատային համակարգերը կանխում են հողաշերտերի տեղաշարժը և որ ծառահատումների կանխումը կարող է դիտարկվել որպես բնական ռիսկերից պաշտպանության կանխարգելիչ միջոցառում։

Օպերատիվ աշխատանքային խմբի նիստի ընթացքում ձևավորված ընդհանուր դիրքորոշումը ընդգծեց բնական վտանգների կանխումը պահանջում է համադրված պետական մոտեցում, անտառների պահպանությունը պետք է դիտարկվի ոչ միայն որպես բնապահպանական, այլև բնակավայրերի ու ենթակառուցվածքների պաշտպանության ռազմավարություն, իսկ Էկոպարեկային ծառայության գործունեությունն առանցքային է՝ հատկապես պետական նշանակության տարածքներում։

07.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 08.08.2025