Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մասնագիտացմանը նվիրված աշխատանքային հանդիպում՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետի տեղակալներ Մուրադ Նուրիջանյանի, Արուսյակ Սիրադեղյանի, ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի, շրջակա միջավայրի նախարարության և էկոպարեկային ծառայության կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների, Բնության Համաշխարհային Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) ներկայացուցիչների, ոլորտի շահագրգիռ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի մասնագիտացմանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող թեմատիկ աշխատանքային հանդիպում-քննարկում։

Հանդիպումը կազմակերպվել էր «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» ծրագրային բաղադրիչի շրջանակում՝ PROPARK ARII PROTEJATE SRL կազմակերպության ներգրավմամբ։ Կազմակերպությունը հանդիսանում է Ռումինիայի պահպանվող տարածքների կարողությունների զարգացման հիմնական տրամադրողն ու կազմակերպիչը, իրականացնում է նախագծեր՝ համագործակցելով պահպանվող տարածքների կառավարիչների հետ, տրամադրում խորհրդատվական ծառայություններ։

Հանդիպման օրակարգում առանցքային էր բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի մասնագիտացման կարևորությունը։ PROPARK ARII PROTEJATE SRL կազմակերպության կողմից ներկայացվել են միջազգային փորձը և կառավարման ոլորտում կիրառվող մասնագիտացման արդի մոտեցումները, քննարկվել են կարողությունների վրա հիմնված կրթական մոդելի և հնարավոր առարկայացանկի նախնական տարբերակի մշակման հիմնադրույթները։

Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանն իր ելույթում համապարփակ և ընդգրկուն անդրադարձ է կատարել ծառայության գործառույթներին և լիազորություններին, ծառայողների իրավունքներին ու պարտականություններին, նրանց համար սահմանված բարձր աշխատավարձին և սոցիալական մյուս երաշխիքներին, ինչպես նաև մրցութային ընտրությամբ համալրվող Էկոպարեկային ծառայողների մասնագիտական ու հատուկ ուսուցման գործընթացներին ու այլ կարևոր դրույթների։

Քննարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել էկոպարեկային ծառայողների համար անհրաժեշտ հմտությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն, որի շրջանակում ներկայացվել են լավագույն փորձեր և պահանջվող կարողությունների շրջանակ։ Աշխատանքային հանդիպման մեկ այլ կարևոր բաղադրիչ էր ինքնագնահատման գործիքների մշակման մեթոդաբանության քննարկումը և մասնակցային ձևաչափով դրանց փորձնական կիրառումը։ Քննարկումների տրամաբանության մեջ առանձնահատուկ տեղ էր տրված էկոպարեկային ծառայողի կերպարի լիարժեք բնութագրմանը, ինչի համատեքստում ընդգծվել է այն, որ ժամանակակից էկոպարեկային ծառայողը միայն տարածք վերահսկող չէ, այլև համայնքների հետ փոխգործակցություն կառուցող, վստահելի գործընկեր՝ տեղական կառավարման ու հասարակական շրջանակներում, բնապահպանական գիտելիքների, գործնական հմտությունների և անհրաժեշտ այլ կոմպետենցիաների կրող։

Հանդիպման երկրորդ հատվածում տեղի է ունեցել հարցաշարերի լրացման գործընթացը։ Հարցաթերթերում ամփոփված էր համակարգված տեղեկատվություն՝ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման քաղաքականության, ռազմավարական և ռացիոնալ պլանավորման, նախագծերի մշակման, մարդկային ռեսուրսների, ինչպես նաև ֆինանսական և գործառնական ռեսուրսների կառավարման, համապատասխան կոմպետենցիաների և այլ չափանիշների վերաբերյալ։

Էկոպարեկային ծառայության մարզային վարչությունների ներկայացուցիչները ևս

ակտիվ մասնակցություն են ունեցել և հանդես են եկել վերլուծություններով, որոնք ոչ միայն արտացոլում էին տեղերում առկա խնդիրներն ու առանձնահատկությունները, այլև հագեցած էին գործնական օրինակներով՝ հաստատված իրական աշխատանքային փորձով։

Այս ձևաչափով կազմակերպվող քննարկումները կրում են շարունակական բնույթ և դիտարկվում են որպես էկոպարեկային ծառայության ինստիտուցիոնալ զարգացման ու բնապահպանական ոլորտում արդյունավետ ու կայուն կառավարման ձևավորման կարևոր նախապայման։ Հաջորդիվ ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում նախանշված է նույն ձևաչափով հանդիպում, ինչի արդյունքների հիման վրա էլ նախատեսվում է մշակել ուսուցման ծրագրերն ու վերապատրաստումները։

09.07.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 10.07.2025