Էկոպարեկային ծառայության աշխատակիցների պահանջով ապօրինի փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է պահպանվող տարածք

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության «Դիլիջան ազգային պարկ»-ի տեղամասի աշխատակիցները «Դիլիջան ազգային պարկ»-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են ՈւԱԶ 469 մակնիշի 34 FM 205 պետհամարանիշով մեքենա, որը բեռնված է եղել փայտանյութով։
Ավտոմեքենայի վարորդ Հ.Հ.-ն հայտնել է, որ իր վարած մեքենայի թափքում առկա է շուրջ 1 խմ փայտանյութ, որը քամատապալ ծառերից առանձնացրել է ինքն անձամբ և անձնական օգտագործման նպատակով տեղափոխում է իր տան բակ։
Նշյալ ավտոմեքենան՝ բեռնված փայտանյութով և բենզասղոցը էկոպարեկային ծառայության աշխատակիցների պահանջով տեղափոխվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքին կից պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն և հաղորդում է ներկայացվել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Դիլիջանի բաժին: