Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի բնակիչների հետ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։
Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը, գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ ծառայության Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմի ուղեկցությամբ հանդիպում են ունեցել մարզի Ներքին Հանդ համայնքի բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում Ներքին Հանդի բնակիչները Վլադիմիր Կիրակոսյանին են ներկայացրել մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին համայնքի սոցիալական ու բնապահպանական կարիքներին։ Քննարկվել են հնարավոր լուծումներ, բնակիչների կողմից ներկայացվել են առաջարկներ։
Քննարկման առանցքում էին համայնքում արևային պանելների, ջրապահովման, այլընտրանքային էներգիայի միջոցների հասանելիության ապահովումը՝ հատկապես՝ մշտական բնակիչների համար։ Անդրադարձ է կատարվել նաև բնակիչներին թափուկ վառելափայտով ապահովմանը՝ հիմքում ունենալով բնակիչների գնահատված կարիքները։
Բնակիչների հետ շփումն այս անգամ ևս վկայեց համայնքի և պետական մարմինների համագործակցության անհրաժեշտության և կարևորության մասին, նրանց ոգևորությունն ու ակտիվ մասնակցությունն այս գործընթացին հանդիպումը դարձրեցին ոչ միայն տեղեկատվական, այլև՝ ներշնչող և զարգացման խթան հանդիսացող։
Շրջայցի շրջանակներում աշխատանքային խումբն այցելել է նաև ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոսու պուրակ» արգելավայր, տնկարան, որտեղ քննարկվել են տարածքային զարգացման և բնապահպանական կառավարման հարցեր։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց համայնք-պետություն համագործացության արդյունավետությունն՝ ի նպաստ բնության պահպանության և համայնքային կայուն զարգացման։
Նշենք, որ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ նմանօրինակ այցերը նորություն չեն Էկոպարեկային ծառայության գործունեության մեջ։ Այսօրինակ նախաձեռնություններում մեր շարունակական ներկայությունն ու հետևողական ներգրավվածությունը վկայում են Էկոպարեկային ծառայության կարևոր ու երկարաժամկետ առաքելության մասին՝ որպես բնապահպանական քաղաքականության և համայնքների հետ կառուցողական երկխոսության առանցքային դերակատարներից մեկը։