Էկոպարեկային ծառայության ղեկավարը ներկայացրել է Տավուշի մարզային վարչության նորանշանակ պետին

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը և տեղակալ Մուրադ Նուրիջանյանն աշխատանքային այցով եղել են Տավուշի մարզում։
Էկոպարեկային ծառայության ղեկավարը ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակազմին է ներկայացրել մարզային վարչության նորանշանակ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Ամիրխանյանին։
Խոսելով ծառայության գործառույթների կարևորությունից՝ Կիրակոսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր անձ, ով համալրում է էկոպարեկային ծառայության շարքերը, պետք է գիտակցի, որ ստանձնել է չափազանց պատասխանատու աշխատանք, քանի որ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանությունը նպաստելու է մեր կենսաբազմազանության պահպանմանը և ավելի լավ շրջակա միջավայր ունենալուն։ Կիրակոսյանի խոսքով՝ մեր այսօրվա աշխատանքի դրական արդյունքները պետք է տեսնեն մեր ապագա սերունդները։
Կիրակոսյանը նաև շեշտել է, որ մարզային վարչության բոլոր աշխատակիցները պետք է իրենց աշխատանքն իրականացնեն սրտացավ ու նվիրված մոտեցումով և այս համատեքստում, կարևորելով մարզային վարչության պետի աշխատանքը, ընդգծել է՝ Արգիշտի Ամիրխանյանից սպասում է առավելագույնը իրեն վերապահված ոլորտի պահպանությունն արդյունավետ ու հնարավորինս անվրեպ կազմակերպելու և իրականացնելու համար։
Ամիրխանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել նման աշխատանքում իրեն ներգրավելու և այս պաշտոնը վստահելու համար և նշել է, որ պատրաստ է անել առավելագույնը գոհացուցիչ և տեսանելի արդյունք գրանցելու համար:
Հանդիպում-քննարկմանը Կիրակոսյանը նաև անդրադարձել է մարզային վարչության հետագա համալրմանը։ Խոսելով մարզի առանձնահատկություններից՝ Կիրակոսյանը ընդգծել է նաև այն հանգամանքը, որ Տավուշը Հայաստանի Հանրապետության ամենաշատ անտառածածկ մարզն է։