Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են «Էներգետիկ անցում՝ հանուն կենսաբազմազանության և դիմակայունության» թեմայով աշխատաժողովին
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են «Էներգետիկ անցում՝ հանուն կենսաբազմազանության և դիմակայունության» թեմայով աշխատաժողովին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է «Լավ կառավարումը Հայաստանում անտառային կենսաբազմազանության պահպանման համար» թեմայով հատուկ շնորհանդեսը: Զեկույցներով հանդես են եկել Մարկո Պյուտցը (Շվեյցարիայի Դաշնային հետազոտական ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար), Դոմինիկ Բրաունշվայգը (Շվեյցարիայի Դաշնային հետազոտական ինստիտուտի ավագ հետազոտող),
Էվա Շպենը («Forum Biodiversity Switzerland»-ի ներկայացուցիչ), Հայկ Մինասյանը («Շեն» ԲՀԿ խորհրդի նախագահ), Մարգարիտ Տիգրանյանը (FAO Armenia-ի անտառների առողջության ազգային փորձագետ)։
Քննարկումների առանցքում եղել են անտառների պահպանությանն ու կայուն կառավարմանն առնչվող հիմնախնդիրները։ Անդրադարձ է կատարվել անտառային էկոհամակարգերին սպառնացող այնպիսի լուրջ մարտահրավերներին, ինչպիսիք են գերարաճեցումն ու անտառային հրդեհները, որոնք էապես խաթարում են բնական վերաճն ու կենսաբազմազանության դիմակայունությունը։
«Կենսաբազմազանության պահպանությունն ու անտառային էկոհամակարգերի պաշտպանությունը որևէ առանձին կառույցի բացառիկ խնդիրը չէ. ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու և արդյունավետ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է միջազգային, պետական, գիտական կառույցների և տեղական համայնքների միասնական ու համակարգված համագործակցությունը»։
Հենց այս մոտեցման շուրջ էլ աշխատաժողովի մասնակիցները դիտարկել են առկա մարտահրավերների հաղթահարման համալիր ռազմավարությունները, որոնք ներառում են.
Անօրինական որսի և ապօրինի շրջանառության դեմ պայքարը. բնապահպանական օրենսդրության կիրառման ապահովումը, իրավապահ ու վերահսկող մարմինների համատեղ գործողություններն ու առգրավված տեսակների պաշտպանությունը։
Համայնքային մասնակցությունն ու կառավարումը. տեղական համայնքների ու բնակիչների ներգրավումը բնապահպանական հսկողության գործընթացներում, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կանխարգելել գերարածեցման բացասական հետևանքներն ու ապահովել տարածքների պահպանությունը։
Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (Kunming-Montreal Global Biodiversity Framework) թիրախները. էկոհամակարգերի վերականգնումը, անհետացման եզրին գտնվող տեսակների պահպանությունը և կլիմայական ռիսկերից, այդ թվում՝ անտառային հրդեհներից պաշտպանվածության բարձրացումը։