Էկոպարեկային ծառայության նորանշանակ աշխատակիցներն անցնում են հատուկ ուսուցման փուլ. դիտարկվել են Կարբիում ընթացող դասընթացները
Էկոպարեկային ծառայության կայացման և մասնագիտական պատրաստվածության ապահովման նպատակով՝ պաշտոնի նշանակված ծառայողների համար մեկնարկել են հատուկ ուսուցման հնգօրյա դասընթացներ:
Ծրագիրը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ: Կարևոր է ընդգծել, որ ուսուցման ողջ ժամանակահատվածում մասնակիցների աշխատանքի վարձատրությունը պահպանվում է:
Դասընթացի ավարտին ծառայողները հանձնելու են ստուգարք:
Միայն դրական արդյունքներ արձանագրած մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ:
Հատուկ ուսուցման փուլը հաջողությամբ հաղթահարելը նախապայման է, որպեսզի ծառայողը լիարժեք ստանձնի «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով և պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների իրականացումը:
Հատուկ ուսուցման պատշաճ կազմակերպումն ու արդյունավետությունը վերահսկելու նպատակով՝ այսօր Էկոպարեկային ծառայության պետի առաջին տեղակալ Մուրադ Նուրիջանյանը և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանն այցելել են Կարբիում գործող ուսումնական կենտրոն:
Այցի շրջանակներում ղեկավար կազմը դիտարկել է դասընթացների ընթացիկ վիճակը և կազմակերպչական հետևողականությունը, քննարկումներ է ունեցել դասընթացավարների հետ՝ վեր հանելու գործընթացի ուժեղ և թույլ կողմերը, գնահատել է գործնական պարապմունքների համապատասխանությունը
Ծառայության առջև դրված խնդիրներին:
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է հետևողական քայլերը՝ որակյալ և պատրաստված կադրերով շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու ուղղությամբ: