Էկոպարեկային ծառայությունն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ համագործակցության նոր որակի փուլում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակի առթիվ ՇՄՆ Էկոպարեկային ծառայությանը հանձնվեց պատվոգիր՝ երկարաժամկետ գործընկերային կապերի բարձր գնահատման համար։ Թեև ծառայության գործունեության պաշտոնական մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարի 1-ից, այդուհանդերձ այն շարունակում է նաև իր իրավանախորդ Անտառային կոմիտեի ձևավորած համագործակցային հիմքը, որը տարիների ընթացքում նպաստել է բնապահպանական կրթության և պետական կառավարման արդյունավետ կապին։

Էկոպարեկային ծառայությունն առանձնահատուկ կարևորում է գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ բնության պահպանության, անտառային ոլորտի կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական ռիսկերի նվազեցման միացյալ մոտեցումների ձևավորման համար։ Այս շրջանակում կողմերի փոխգործակցության հիմնական ուղղություններն են գիտական խորհրդատվությունը, համատեղ կրթական ու հետազոտական նախաձեռնությունները, բնապահպանական մոնիթորինգի կատարելագործումը, ինչպես նաև մասնագիտական կարողությունների ամրապնդման ծրագրերը։

Գործընկերությունը ներառում է նաև ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը՝ դաշտային աշխատանքների, ուսումնա-հետազոտական ծրագրերի և արտադրական պրակտիկաների միջոցով։ Միաժամանակ նախատեսվում է ընդլայնել համատեղ ուսումնասիրությունները՝ ուղղված հրդեհային ռիսկերին հակազդման, էկոհամակարգերի վերականգնման և բնական պաշարների պահպանության գիտահեն մոտեցումների զարգացմանը։

Էկոպարեկային ծառայությունը կարևորում է գիտության և պետական կառավարման համադրված աշխատանքը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի բնական ժառանգության պահպանության հիմնարար պայման։ Գործընկերային այս համագործակցությունը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով էկոհամակարգերի պաշտպանությունն ու բնապահպանական կայունությունը մեր երկրի համար։

30.11.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.12.2025