Էկոպարեկային ծառայությունում քննարկվել են RESILAND ծրագրի շրջանակներում համագործակցության հեռանկարները
Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի գլխավորությամբ և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։
Ծառայությունը հյուրընկալել էր փորձագիտական խմբին՝ Վարդան Մելիքյանի գլխավորությամբ։
Հանդիպման առանցքում RESILAND (Landscape Restoration for Resilience) խոշոր տարածաշրջանային ծրագիրն էր, որն իրականացվում է
Համաշխարհային բանկի կողմից, ուղղված է լանդշաֆտների, մասնավորապես՝ անտառային և խոնավ տարածքների վերականգնմանն ու կլիմայական դիմակայունության բարձրացմանը։
Լուսինե Ալեքսանյանի ղեկավարությամբ ծավալված մասնագիտական երկխոսության ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց Ծառայության կայացման ուղուն և ընթացիկ գործունեությանը.
Գույքագրված խնդիրներ և հաջողություններ. ներկայացվեցին Ծառայության ներդրումից մինչ օրս արձանագրված հաջողություններն ու փորձը, ինչպես նաև վեր հանված տեխնիկական և օրենսդրական բացերը
Մարդկային ռեսուրսներ և կրթություն. քննարկվեց մասնագիտական և հատուկ ուսուցման ներկայիս մակարդակը և լրացուցիչ վերապատրաստումների անհրաժեշտությունը
կանանց ներգրավվածություն.
հատուկ ընդգծվեց մարզային ստորաբաժանումներում կանանց ներգրավման քաղաքականությունը և արդեն իսկ առկա ողջունելի ցուցանիշները։
Կարողությունների ընդլայնում. նախանշվեցին տեխնիկական վերազինման առաջնահերթություններն ու փոխգործակցությունը համայնքների և այլ գերատեսչությունների հետ։
Հանդիպումն անցել է բավականին ակտիվ և շահագրգիռ քննարկումների մթնոլորտում։ Փորձագիտական խմբի կողմից հնչեցվել են Ծառայության գործունեությանն առնչվող ամենայն մանրամասնությամբ դիտարկումներ և հարցադրումներ, որոնք պահանջում էին հստակ պարզաբանումներ ու մասնագիտական հիմնավորումներ։
Ի պատասխան՝ Ծառայության ներկայացուցիչների կողմից տրվել են համապարփակ և հստակ պատասխաններ՝ ձևավորելով փոխադարձ վստահության և մասնագիտական դիրքորոշման վրա հիմնված երկխոսություն։
Փորձագետներն ընդգծեցին, որ իրականացվող գնահատումը լինելու է առավելագույնս օբյեկտիվ, իսկ խնդիրների լուծման ճանապարհին ֆինանսավորման սահմանափակումներ չեն գործելու, եթե դրանք բխում են համակարգի զարգացման տրամաբանությունից։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց փորձագիտական խմբին փոխանցել գույքագրված տարաբնույթ խնդիրների ամբողջական փաթեթը։
Սա կարևոր նախապայման է Էկոպարեկային ծառայության համալրման և զարգացման հաջորդական փուլերի արդյունավետության բարձրացման համար: