Էկոպարեկային ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

2025 թվականի օգոստոսի 12-ին ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպեց քաղաքացիներին նախատեսված ընդունելության շրջանակներում, որտեղ քննարկվեցին ծառայության գործունեության սահմաններում աշխատանքի անցնելու հնարավոր հեռանկարները։
Ինչպես գիտենք, Էկոպարեկային ծառայությունը, որպես ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույց, իրականացնում է պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն, կանխում և բացահայտում է բնապահպանական իրավախախտումները, ապահովում է հրդեհային անվտանգություն և նվազեցնում մարդածին ազդեցությունը բնական էկոհամակարգերի վրա։ Այս կարևոր և պատասխանատու առաքելությունը պահանջում է պրոֆեսիոնալ, պատասխանատու և բնության հանդեպ նվիրված կադրերի ներգրավում։
Էկոպարեկային ծառայությունը համոզված է, որ հասարակության հետ շարունակական երկխոսությունը և բաց դռների քաղաքականությունը հիմք են ձևավորում վստահության, թափանցիկության և համագործակցության համար։ Այս ընդունելությունը դարձավ ևս մեկ քայլ դեպի այն Հայաստանը, որում մեր անտառների, էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանությունը հստակ ձևակերպված նպատակ ու տեսլական է, իսկ կայուն ապրելակերպն այլևս իրականություն։