Ֆիզիկական պատրաստվածության ստուգումներ՝ այս անգամ Տավուշի մարզային վարչության համալրմանն ընդառաջ

Էկոպարեկային ծառայության համալրում՝ ֆիզիկական պատրաստվածության ստուգումներ՝ այս անգամ Տավուշի մարզային վարչության համալրմանն ընդառաջ բարձր պահանջներ, բարձր պատասխանատվություն, ապագա էկոպարեկների առաջին փուլի արդյունքները

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը, շարունակելով իր կադրային համալրման գործընթացը, հայտարարված մրցույթների շրջանակներում անցկացրել է ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման փուլը՝ հիմա արդեն Տավուշի մարզային վարչության և Իջևանի, Սևքարի, Դիլիջանի, Բերդի ու Նոյեմբերյանի տեղամասերի թափուր հաստիքների լրացման շրջանակներում։ Մրցույթին մասնակցող ավելի քան 50 հավակնորդներ, համաձայն ՀՀ Կառավարության N 1009-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների, անցել են ֆիզիկական պատրաստվածության ստուգում՝ հավակնելով էկոպարեկային ծառայության համապատասխան պաշտոնների խմբերին։ ՀՀ Կառավարության կողմից հաստատված ֆիզիկական նորմատիվները մշակվել են՝ հաշվի առնելով մասնակիցների սեռային և տարիքային առանձնահատկությունները։ Սա ապահովում է թափանցիկ և հավասար մրցակցային միջավայր բոլոր հավակնորդների համար։

Արական սեռի անձինք (մինչև 49 տարեկան)

Տղամարդկանց համար ֆիզիկական փորձաքննությունը ներառում է երեք հիմնական վարժություն, որոնք ստուգում են ուժը, արագությունը և տոկունությունը.

Արագություն. վազք 100 մետր (սպրինտ)

Ուժ. ձգումներ պտտաձողի վրա կամ սեղմումներ հենում-պառկած դիրքից (տարիքային խմբերից կախված)

Տոկունություն. վազք 1000 մետր։

Իգական սեռի անձինք (մինչև 39 տարեկան)

Կանանց համար սահմանված նորմատիվները կենտրոնացած են արագության, մկանային դիմացկունության և որովայնի մկանների ուժի վրա.

Արագություն. վազք 100 մետր կամ 60 մետր (տարիքային խմբերից կախված)

Մկանային դիմացկունություն. սեղմումներ հենում-պառկած դիրքից

Որովայնի մկանների ուժ. մարմնի բարձրացում մեջքի վրա պառկած դիրքից։

Հիշեցում. Ֆիզիկական պատրաստվածության նորմատիվներում կիրառվել են նաև թեթևացումներ՝ հաշվի առնելով մասնակիցների սեփական քաշը (արական՝ 90 կգ-ից, իգական՝ 70 կգ-ից բարձր) և ստուգման անցկացման բարձրլեռնային տեղանքի առանձնահատկությունները (ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի)։

Յուրաքանչյուր մասնակից հանձնել է սեռատարիքային իր խմբին համապատասխան 3 նորմատիվ, որոնք գնահատվել են 3-ից (բավարար) մինչև 5 (գերազանց) միավորներով։ Մրցութային ստուգարքը համարվում է հանձնված՝ ընդհանուր հավաքած միավորների հետևյալ դեպքերում.

Գերազանց՝ 14 և բարձր միավոր

Լավ՝ 11-13 միավոր

Բավարար՝ 9-10 միավոր

Միայն մեկ վարժությունից է թույլատրվում ստանալ անբավարար (2 միավոր) գնահատական։

Թեկնածուների ֆիզիկական պատրաստվածության ստուգումն ու գնահատումն իրականացվել է Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից՝ մասնակցությամբ պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի, գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի և մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների։ Ֆիզիկական պատրաստվածության փուլը հաջողությամբ հաղթահարած թեկնածուները կանցնեն մրցույթի հաջորդ՝ թեստավորման (գրավոր) ու հարցազրույցի փուլեր։

Էկոպարեկային ծառայությունն ապահովում է, որ իր շարքերը համալրվեն բացառապես ֆիզիկապես պատրաստված, գիտելիքներով զինված և մասնագիտական բարձր որակներով օժտված կադրերով, ովքեր պատրաստ են պաշտպանելու բնապահպանական օրենքները ցանկացած պայմաններում։

03.12.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.12.2025