Հանդիպում էկոպարեկային ծառայության կարողությունների զարգացման և միջազգային համագործակցության շրջանակում
Այսօր՝ հուլիսի 8-ին, ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում կայացել է աշխատանքային հանդիպում՝ PROPARK ARII PROTEJATE SRL (Բրասով, Ռումինիա) կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ողջունելով ներկաներին՝
էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է, որ մեր երկրի համար կենսաբազմազանության պահպանությունն ու բնապահպանական համակարգերի կայուն զարգացումը առաջնային ուղղություններ են։ Այս համատեքստում «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում համագործակցությունը գործընկեր կազմակերպության հետ կարող է մեծապես նպաստել այս նպատակներին հասնելուն։ Կիրակոսյանը հավելել է նաև, որ նախագիծն ու դրա շրջանակներում ակնկալվող միջոցառումները կարևոր հարթակ են նորաստեղծ էկոպարեկային ծառայության կարողությունների զարգացման, փորձի ու հմտությունների փոխանակման, փոխանցման և միջազգային լավագույն փորձի կիրառման համար:
Ծրագրի միջազգային տեխնիկական ղեկավար Գեվին Բելլը բարձր է գնահատել Էկոպարեկային ծառայության հետ արդեն իսկ ձևավորված գործընկերային և ջերմ հարաբերությունները՝ առանձնացնելով փոխվստահության մթնոլորտը որպես հաջող համագործակցության հիմնասյուն։ Նա ընդգծել է հետագա համատեղ քայլերի կառուցողական և հեռանկարային բնույթը՝ կարևորելով միասնական ջանքերի շարունակականությունը՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման ուղղությամբ։
PROPARK տնօրեն Էրիկա Վաիդա Բելան հատուկ անդրադարձ է արել այն հանգամանքին, որ Ռումինիայում ձևավորվել է հայ ժողովրդի հանդեպ դրական վերաբերմունք, ինչը, ըստ բանախոսի, պայմանավորված է հայկական համայնքի ակտիվ ներգրավվածությամբ՝ հատկապես առողջապահության, գիտության և մի շարք այլ ոլորտներում, ինչը շարունակաբար բարձրացնում է Հայաստանի և հայերի հեղինակությունը միջազգային հարթակում։
Աշխատանքային քննարկման շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել Էկոպարեկային ծառայության կարիքների գնահատմանը՝ հատկապես մասնագիտական ուսուցումների և վերապատրաստումների ուղղությամբ։ Քննարկման ընթացքում հստակ ուրվագծվել են ծառայության գործառույթներն ու լիազորությունները՝ առանձնացնելով դրանք ուժային կառույցների գործառույթներից։
Հաջորդիվ ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը միջազգային գործընկերների ուշադրությանն է ներկայացրել սահիկաշար՝
ծառայության տեսլականի, որդեգրած քաղաքականության վերաբերյալ:
Իր ամփոփիչ խոսքում Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը վստահություն է հայտնել, որ համատեղ և հետևողական աշխատանքով հնարավոր կլինի գտնել համարժեք լուծումներ և ապահովել շոշափելի արդյունքներ բնության պահպանության ոլորտում։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին՝ ցուցաբերված աջակցության և ակտիվ ներգրավվածության համար՝ ընդգծելով համագործակցության շարունակականության կարևորությունը։ «Մենք բաց ենք երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ գործընկերության համար՝ հանուն էկոլոգիական կայունության և Հայաստանի բնապահպանական արժեքների պահպանման», -նշել է Կիրակոսյանը։