Հանդիպում էկոպարեկային ծառայությունում՝ անտառային հրդեհների կանխարգելման և կառավարման թեմայով

Այսօր շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունում կայացել է կարևոր հանդիպում, որի առանցքում անտառային հրդեհների ռիսկերի կառավարման և կանխարգելման թեմայով երկուստեք հետաքրքրությունների, համատեղ նախաձեռնությունների և համագործակցության հնարավորությունների քննարկումն էր։ Հանդիպմանն էկոպարեկային ծառայության կողմից մասնակցել են ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը, գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներ։ Գործընկեր կառույցը ներկայացրել են ՄԱԶԾ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) առաջադրանքի ղեկավար Արամ Տեր Զաքարյանը և ծրագրի փորձագետ Վարդան Մելիքյանը։

Քննարկումների շրջանակը ներառել է մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝

• անտառային հրդեհների ռիսկերի կանխատեսելիության բարձրացումը և դրանց կառավարումը,

• հստակ գործողությունների սահմանումը,

• ինստիտուցիոնալ փոփոխությունների նկատմամբ ճկուն և հարմարվողական մոտեցումների ձևավորումը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտադրում արվեց այն հանգամանքի վրա, որ ոլորտում էկոպարեկային ծառայության ինստիտուտի ներդրումն ու նոր ձևաչափով գործունեության մեկնարկը ծրագրի շրջանակներում հնարավորություն է տալիս դիտարկել ծառայությունը որպես լիիրավ շահառու։

Ներկայումս ծրագիրն անցել է վերահաստատման փուլը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել նոր հանդիպում-քննարկումներ՝ ուղղված ոլորտի կարիքների համակողմանի քարտեզագրմանը, առկա խնդիրների հստակ ձևակերպմանը և հնարավոր լուծումների ու գաղափարների առաջադրմանը։

Քննարկման մասնակիցները միաձայն ընդգծեցին, որ հատկապես ներկայիս կլիմայական պայմաններում էկոպարեկային ծառայության վրա ընկած է թեմատիկ ամենամեծ բեռնվածությունը։ Անհրաժեշտ են համալիր ներդրումներ՝ կանխարգելիչ և կանխիչ բաղադրիչների ուղղությամբ։ Նույնիսկ տեխնիկական կարողությունների ամբողջական ապահովման պարագայում հնարավոր է առաջանան բարդություններ՝ պայմանավորված ռիսկերի փոփոխական բնույթով։

Ներկայացվեցին տարբեր սցենարներ և մոտեցումներ հրդեհների մարումն ու կանխարգելումը կազմակերպելու ուղղությամբ, այդ թվում՝

• համապատասխան տեխնիկական միջոցների ձեռքբերում,

• դրանց թվաքանակի արդիական գնահատում մարզային ստորաբաժանումներում,

• ուսուցման և վերապատրաստման նոր մեթոդաբանությունների մշակում,

• մարդկային ռեսուրսների հզորացում,

• ոլորտին առնչվող մասնագետների ներգրավման մեխանիզմներ։

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ փոխանցել գործընկերներին էկոպարեկային ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված գույքային և ոչ գույքային կարիքների հստակ քարտեզագրված տվյալները։

Այս համագործակցությունն ուղղված է ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և ոլորտում ծառայության կարևորագույն դերակատարության ճանաչմանը՝ որպես բնապահպանական անվտանգության կարևոր բաղադրիչ։

06.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 08.08.2025