Հանդիպում-քննարկում՝ միջազգային գործընկերների հետ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին, «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի թիմի ղեկավար Կարեն Մանվելյանին, ծրագրի բաղադրիչի գլխավոր տեխնիկական խորհրդատու Գևին Բելլին, SMART համակարգի մասնագետ (WWF) Ալեքսանդր Վիթհին:

Ծառայության պետը ողջունել է ներկաներին և ընդգծել է միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցության կարևորությունը։ Հանդիպում-քննարկման առանցքում տեխնիկական հագեցվածությանը, ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմանը, գործիքակազմին վերաբերող թեմաներն էին: Քննարկվեցին Էկոպարեկային ծառայությունում SMART համակարգի ներդրման հնարավորությունները, տվյալների հավաքագրման և վերլուծության նոր գործիքակազմը, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնց միջոցով կուժեղացվի բնության պահպանության համակարգի՝ ներառյալ Էկոպարեկային ծառայության օպերատիվ, կանխարգելիչ և վերլուծական կարողությունները։ Անդրադարձ կատարվեց նաև տեխնոլոգիական լուծումների կիրառման հեռանկարներին, ոլորտային կառույցների փոխգործակցության բարելավմանը և միջազգային լավագույն փորձի տեղայնացման հնարավորություններին:

Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից միջազգային գործընկերներին ներկայացվեցին համապատասխան ծրագրավորմամբ պլանշետները, որոնք ծառայողները կիրառում են իրենց աշխատանքային գործունեության ընթացքում: Ներկայացվեցին նաև գործառութային առաջնահերթությունները ու կարիքները, ուշադրություն դարձվեց հստակ, միասնական և տվյալահեն աշխատանքային համակարգերի կարևորությանը՝ նպատակ ունենալով բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության արդյունավետությունը:

Միջազգային գործընկերները ևս կարևորեցին համատեղ ջանքերը՝ ուղղված բնության պահպանությանը։ Հանդիպմանը կարևորվեցին նաև կարիքների շարունակական գնահատմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Վլադիմիր Կիրակոսյանը, անդրադառնալով էկոպարեկային ծառայության աշխատակիցների գիտելիքների շարունակական կատարելագործմանը, ընդգծեց, որ կարևորում է միջազգային գործընկերների կողմից առաջարկվող վերապատրաստումների ծրագրերը։ Ծառայության ղեկավարը նաև նշեց, որ էկոպարեկային ծառայության գործարկումից ի վեր մշտապես արվում է ամեն բան, որ Ծառայությունը շարունակաբար կատարելագործվի և առավել արդյունավետ և ազգաբնակչության համար առավել գրավիչ դառնա։

09.12.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.12.2025