Հասարակության մասնակցությունն ու իրազեկումն Էկոպարեկային ծառայության գործառույթների և լիազորությունների համատեքստում

2025 թվականի օգոստոսի 13-ին, Էկոպարեկային ծառայության իրազեկման շարունակական արշավի շրջանակում, Հրազդանի համայնքապետարանում կայացել է աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կառույցների ներկայացուցիչներին ներկայացնել ծառայության լիազորությունները, գործունեության ձևաչափը, համալրման հնարավորությունները, ինչպես նաև բնության պահպանության գործում համագործակցության նոր մեխանիզմները։

Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արամայիս Պողոսյանը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև` վարչական շրջանների ղեկավարներ։ Հանդիպման երիտասարդ մասնակիցների ներկայությունը նպատակային էր՝ համատեղելով իրազեկման արշավը երիտասարդության միջազգային օրվա հետ։

Էկոպարեկային ծառայությունը ներկայացնում էին Էդուարդ Կարապետյանը, Էդուարդ Ղուկասյանը, Նանա Պապոյանը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասից Գևորգ Հակոբյանը, ովքեր ներկայացրեցին իրենց գործառույթները, տեղի բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկությունները, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության գործունեության առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում ընդգծվեցին ծառայության ներդրման և զարգացման առանձնահատկությունները, մարզային վարչությունների համալրման ու տեխնիկական կարողությունների ընդլայնման առաջնահերթությունները, ինչպես նաև կատարվեց համալրման ընթացակարգի մանրամասն ներկայացում։

Հանդիպումը զուգակցվեց ակտիվ հարցուպատասխանով, ինչը հնարավորություն տվեց քննարկել ինչպես մասնագիտական, այնպես էլ գործնական հարցեր՝ միտված ծառայության և համայնքների արդյունավետ համագործակցությանը։

Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է իրազեկման միջոցառումները՝ նպաստելով բնության պահպանության, համայնքների ներգրավվածության և հասարակության հետ բաց ու արդյունավետ փոխգործակցության մշակույթի ամրապնդմանը։

13.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 15.08.2025