Հատուկ տակտիկական ուսումնավարժություն` անտառային հրդեհների շրջանակներում
2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում տեղի ունեցավ լայնամասշտաբ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառումը նվիրված էր «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը՝ ուղղաթիռի ներգրավմամբ» թեմային։
Միջոցառմանը մասնակցում էին ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը:
Ուսումնավարժությանը մասնակցում էին ընդհանուր 72 ծառայող և աշխատակից՝ ներկայացնելով մի շարք առանցքային գերատեսչություններ և կազմակերպություններ, այդ թվում՝ ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը, ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները, ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայությունը, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղը, Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական խումբը։ Ըստ մտահղացման՝ անտառում բռնկված հրդեհը տարածվում է դեպի սարալանջի կիսակառույց շենք, որտեղ կան տուժածներ։ Իրավիճակը պահանջում էր միաժամանակ իրականացնել հրդեհաշիջում, տուժածների փրկարարական և բուժօգնության ապահովում, ինչպես նաև օդային հետախուզություն և ջրթափ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ուղղաթիռի ներգրավմամբ։
Հիմնական ուսումնական նպատակներն էին.
1. Կատարելագործել մասնակից բոլոր ուժերի փոխհամագործակցությունը և համատեղ գործողությունների կազմակերպումը
2. Ստուգել արձագանքող ուժերի օպերատիվ պատրաստվածությունը արագ զարգացող բարդ իրավիճակներում
3. Բարձրացնել անձնակազմի գործնական հմտությունները փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ։
Էկոպարեկային ծառայության մասնակցությունն ընդգծում է բնապահպանական հսկողության դերի աճն արտակարգ իրավիճակների կառավարման գործում։