Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը «Лучший лесной пожарный-2025» մրցույթին

2025 թվականի սեպտեմբերի 15–18-ը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացավ «Лучший лесной пожарный-2025» համառուսաստանյան և միջազգային մրցույթը, որն ամենամյա ձևաչափով միավորում է անտառային հրդեհների կանխարգելմամբ ու պայքարով զբաղվող մասնագետներին, անտառային հրդեհաշիջման ոլորտի փորձագետներին։

Մրցույթի փուլերը ներառում էին երեք բաղադրիչ

ֆիզիկական պատրաստվածություն և վարժությունների միջոցով փորձությունների հաղթահարում

ՌԴ անտառներում կողմնորոշում տեղանքում քարտեզի միջոցով

խոչընդոտների հաղթահարումն ու հրշեջ տեխնիկայի հետ աշխատանք։

Երկու տասնյակից ավելի մասնակիցներ՝ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից, ինչպես նաև արտասահմանյան ներկայացուցչական պատվիրակությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մասնակիցները հենց այս փուլերի շրջանակներում էին ներգրավված՝ ցուցադրելով իրենց մասնագիտական և գործնական կարողությունները։

Մրցույթի թիրախում մասնակիցների մասնագիտական պատրաստվածության և գործնական հմտությունների ստուգումն էր՝ հնարավորինս մոտ իրական պայմաններին. խոչընդոտներով տարածքի հաղթահարում, միներալիզացված գոտիների ձևավորում, ձեռքի և շարժական տեխնիկայի գործածում, մոտոպոմպերի կիրառմամբ ջրի մատակարարում, ինչպես նաև դաշտային արագ արձագանքման այլ տարրեր։ Այս փորձարկումները ոչ միայն ցուցադրեցին մասնակիցների անձնական կարողություններն, այլև հնարավորություն տվեցին գնահատելու նրանց թիմային աշխատանքի կազմակերպվածությունը և անվտանգության կանոնների պահպանումը։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներ Էդուարդ Կարապետյանը` դիտորդի և Էկոպարեկային ծառայողներ Միքայել Պողոսյանը, Արթուր Քոչարյանը և Սասուն Փիրինյանը` մրցութային մասնակիցների կարգավիճակներում։ Նրանց մասնակցությունը մրցույթին կարևոր նշանակություն ունեցավ փորձի փոխանակման և միջազգային մասնագիտական համագործակցության խորացման, ինչպես նաև գործնական գիտելիքների ու հմտությունների զարգացումն ապահովելու տեսանկյունից։ Միաժամանակ մեր մասնագետները հնարավորություն ունեցան ոչ միայն ձեռք բերել նոր մոտեցումներ և տեխնիկական լուծումներ, այլև փոխանցել իրենց տեսական և գործնական փորձառությունը արտասահմանյան գործընկերներին։

Այս փորձի փոխանակումը հանդիսանում է կարևոր ներդրում Հայաստանի հրդեհային անվտանգության համակարգի կատարելագործման գործում՝ նպաստելով վերապատրաստումների ծրագրերի հարստացմանը և դաշտային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Մրցույթին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց մեր մասնագետների պատրաստակամությունը գործելու միջազգային չափանիշներին համապատասխան, զարգացնելու մասնագիտական կարողությունները և գործնական գիտելիքը փոխանցելու մեր մյուս գործող ստորաբաժանումների ծառայողներին։ Այս մասնակցությունը դիտարկվում է որպես ռազմավարական քայլ՝ ուղղված անտառային հրդեհների դեմ պայքարի ազգային համակարգի ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։

 

22.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 24.09.2025