Հուլիսի 31-ը Ռենջերների համաշխարհային օրն է

Ռենջերների համաշխարհային օրվա կապակցությամբ Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությամբ «Արփի լիճ» ազգային պարկում անցկացվեց «Ռենջեր 2026» մասնագիտական մրցույթը, որին մասնակցեցին ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և բնության հատուկ պահպանվող տարածքների 15 աշխատակից:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Հարություն Մարտիկյանը։ Շնորհավորելով ռենջերներին մասնագիտական օրվա առթիվ՝ նա նշեց, որ այս օրը բացառիկ առիթ է արժևորելու այն մարդկանց ծառայությունը, ովքեր ամեն օր իրենց մասնագիտական պարտականությունները կատարում են որպես բնության իսկական պահապաններ։

Նրա խոսքով՝ ռենջերներն առաջինն են արձագանքում բնությանը սպառնացող վտանգներին, ապահովում անտառների, կենսաբազմազանության, բնության հատուկ պահպանվող տարածքների և Հայաստանի բնական ժառանգության պահպանությունը՝ հաճախ ծառայություն իրականացնելով բարդ, վտանգավոր և դժվարամատչելի պայմաններում։

Մրցույթի արդյունքում առաջին մրցանակին արժանացավ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գլխավոր տեսուչ Միքայել Պողոսյանը։ Հանձնվեցին նաև երկու երկրորդ և երեք երրորդ տեղերի մրցանակներ։

Արդեն չորրորդ տարին անցկացվող «Ռենջեր» մրցույթի նպատակն է խրախուսել բնության պահապաններին, գնահատել նրանց մասնագիտական հմտություններն ու կարողությունները և արժևորել բնության պահպանության գործում նրանց կարևոր առաքելությունը։

01.08.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 10.08.2026