Իջևանի տեղամասի ծառայողներն օպերատիվորեն արձագանքել են
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության ծառայողները շարունակում են իրականացնել կանխարգելիչ և հսկողական միջոցառումներ՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, ապօրինի ծառահատումների ու փայտանյութի ապօրինի տեղափոխման և իրացման դեպքերի կանխման ու հայտնաբերման ուղղությամբ:
2026 թվականի սեպտեմբերի 12-ին անօդաչու թռչող սարքով իրականացված դիտարկման ընթացքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 8-րդ պահաբաժնում արձանագրվել է փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի տեղաշարժ: Տեսանկարահանմամբ պարզվել է, որ վարորդը փայտանյութը բեռնաթափել և հեռացել է տարածքից։
Տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո Էկոպարեկային ծառայության Իջևանի տեղամասի ծառայողները օպերատիվորեն արձագանքել են՝ կազմակերպելով հերթապահություն և ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ իրավախախտին հայտնաբերելու ուղղությամբ։
Արդյունքում պարզվել է, որ նշյալ անձը Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի բնակիչ Գ.Մ.-ն է, ով հայտնել է, որ ինքն անձամբ է փայտանյութը հավաքել Իջևանի անտառպետության 8-րդ պահաբաժնի 50-րդ քառակուսու տարածքից՝ չունենալով համապատասխան փաստաթղթեր:
Դեպքի առթիվ կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ, իսկ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս: