Կայացել է Autel EVO Nest աթս-ի ինքնավար կայանի և Autel Skycommand Center ինտեգրված հրամանատարական համակարգի ցուցադրությունը

ՀՀ ներքին գործերի նախարարության Օպերատիվ կառավարման կենտրոնում (ՕԿԿ) ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները, ՀՀ ուժային կառույցների, քաղաքապետարանի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, մասնակցեցին Autel EVO Nest աթս-ի ինքնավար կայանի և Autel Skycommand Center ինտեգրված հրամանատարական համակարգի ցուցադրությանը։

Ցուցադրության ընթացքում մանրամասնորեն ներկայացվեցին կայանի տեխնիկական հնարավորությունները և ընդգծվեցին այն կարողությունները, որոնք ի թիվս այլ կառույցների կարող են օգտակար լինել Էկոպարեկային ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։

Ներկայացվեցին մի շարք առաջատար տեխնոլոգիական լուծումներ, ինչպիսիք են՝

Արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրումը՝ օբյեկտների նույնականացման համար

Ջերմային տեսախցիկի և լազերային հեռաչափի կիրառումը

Ռելիեֆի մոդելավորումը և այլն

Ներկայացվեց նաև Autel Skycommand Center ինտեգրված հրամանատարական համակարգը, որը թռիչքի կառավարման հարթակ է և հնարավորություն է տալիս համակարգչի կամ շարժական այլ սարքի օգնությամբ իրականացնել աթս-ների հեռահար ամբողջական կառավարում։

Տեսական ներկայացումից հետո մասնակիցները սարքի գործնական աշխատանքին իրական պայմաններում ծանոթանալու հնարավորություն ունեցան։ Մասնակիցները ՕԿԿ-ից իրական ժամանակում հետևեցին Վանաձորում դրոնի թռիչքին և թռիչքի ընթացքում տրամադրեցին հանձնարարություններ՝ տեխնիկական հնարավորություններին իրական պայմաններում ծանոթանալու նպատակով։

Էկոպարեկային ծառայությունը մշտապես ուսումնասիրում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները՝ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

01.12.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.12.2025