Կայացել է էկոպարեկային ծառայության ղեկավար կազմի և միջազգային գործընկերների հանդիպումը՝ համատեղ ծրագրի շրջանակում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության ղեկավար կազմը Սյունիքի մարզ գործուղման ընթացքում հանդիպում է ունեցել միջազգային և տեղական գործընկերների հետ։

Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ կայացել է հագեցած աշխատանքային քննարկում՝ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագիր» նախագծի շրջանակում, որը ենթադրում է անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և կայուն օգտագործման համար պատասխանատու տեղական և ազգային մարմինների կարողությունների հզորացում։

Գերմանիան և Շվեյցարիան ներկայացնող, ինչպես նաև տեղական գործընկերների հետ հանդիպումը նշանավորվեց կառուցողական և բաց քննարկումներով՝ ընդգրկելով ոլորտային բազմազան հարցեր։ Մասնակիցները համատեղ դիտարկել են արդեն մեկնարկած նախաձեռնությունների ընթացքը, ինչպես նաև ծրագրի հաջորդ փուլերի առաջնահերթությունները։

Այս հանդիպումը ևս մեկ անգամ հաստատել է բազմակողմ համագործակցության արժեքը՝ բնության պահպանության և համայնքների կայուն զարգացման համատեքստում։

Քննարկման ընթացքում միջազգային գործընկերների հարցադրումների առանցքում էին Էկոպարեկային ծառայության լիազորությունների հստակեցումն ու հատկապես ծառայության պաշտոնական մեկնարկից հետո իրականացված գործնական քայլերը և գրանցված արդյունքները։

Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը հանդես եկան վիճակագրական տվյալների ամփոփմամբ։

Կիրակոսյանը հանդիպման ընթացքում կարևոր անդրադարձ է կատարել ծառայության կողմից իրականացվող գործունեության հիմնական ուղղություններին և զարգացման ընթացքին՝ ընդգծելով բնության պահպանության գործում ծառայության առանցքային դերակատարումը։ Նա առանձնացրել է իրականացված աշխատանքների ծավալը, ներառյալ՝ բնապահպանական իրավախախտումների հայնաբերումը և արձանագրումը, վերահսկողական այցերը, համայնքային ներգրավվածության նախաձեռնությունները և հանրային իրազեկման ծրագրերը։ Անդրադարձ է եղել նաև տեխնիկական կարողությունների զգալի ընդլայնմանը, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ ու արդյունավետ արձագանքել բնապահպանական հիմնախնդիրներին։ Ծառայության լիազորությունների շրջանակը, ըստ պետի, շարունակաբար կատարելագործվում է՝ ի նպաստ բնության պահպանության համապարփակ համակարգի ձևավորման։

Հանդիպման ընթացքում ծառայության գլխավոր քարտուղարի կողմից համակողմանի ներկայացվել են մեր կողմից բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման դեպքերը, ինչպես նաև իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման հաշվարկները՝ թվերի լեզվով հաստատելով արդյունավետ աշխատանքը։

Հանդիպման ակտիվ ընթացքն ու միջազգային գործընկերների մեծ հետաքրքրվածությունը ևս մեկ անգամ ընդգծեցին ոլորտում համակարգված ու թափանցիկ աշխատանքի կարևորությունը։

Քննարկվել են նաև ծառայության տեղամասերի թվաքանակի և կառուցվածքային հնարավոր փոփոխությունների սցենարը։ Հատուկ անդրադարձ է եղել պահպանության և պաշտպանության գործառույթների տարանջատմանը, որի համատեքստում առանձնահատուկ շեշտադրվել է էկոպարեկային ծառայության գործունեության կարևորությունը։

Թվային դարաշրջանի մարտահրավերների ֆոնին մասնակիցները շեշտել են տեղեկատվության թվային փոխանակման և փոխանցման կարևորությունը։

Միջազգային գործընկերների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև էկոպարեկային ծառայությունում օպերատիվ կառավարման կենտրոնի գաղափարը։ Հատկապես տպավորիչ էր այդ համակարգի տեխնիկական հնարավորությունների մանրամասն ներկայացումը՝ ավելի քան 1500 տեսանկարահանող սարքերի, ձայնի, ծխի և շարժման հանդեպ զգայուն սենսորային համակարգերի, մինչև 16 կմ շառավղով հրդեհների վերահսկման հնարավորությունների տեսքով,

ինչը կարևոր քայլ է համահանրապետական մակարդակով բնապահպանական վերահսկողության մշակույթի նոր որակի ձևավորման ճանապարհին։

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև համայնքների ներգրավման և համագործակցության ձևերին։ Այս համատեքստում ներկայացվել է Էկոպարեկային ծառայության և համայնքների միջև ձևավորված հաստատուն, փոխադարձ վստահության վրա հիմնված դրական հարաբերությունները։

Հատուկ շեշտադրում է կատարվել նաև Էկոպարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության վրա։ Անդրադառնալով ոլորտում ավանդաբար ավելի քիչ ներկայացված այս խմբի դերին՝ ընդգծվել է, որ այսօր մեր ծառայությունում կանայք ոչ միայն ակտիվորեն ներգրավված են կառավարման և դաշտային գործառույթներում, այլև իրենց մասնագիտական մոտեցմամբ ու նվիրումով էական ներդրում են ունենում բնության պահպանության գործում։ Էկոպարեկային ծառայությունն առաջնորդվում է հավասարության և ներառականության սկզբունքներով՝ աջակցելով կանանց լիարժեք մասնակցությանը բոլոր մակարդակներում։

Հանդիպում-քննարկման առանցքային թեմաներից էր նաև էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիքների առկայությունը, մասնավորապես՝ օրենսդրությամբ նախատեսված գրավիչ աշխատավարձը, կատարողականի գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ պարգևատրում ստանալը, սոցիալական փաթեթի շահառու լինելը, արձակուրդ մեկնելիս բացի արձակուրդային վճարից նաև միանվագ արձակուրդային վճարի ստացումը և այլն։

Ամփոփելով հանդիպումը՝ էկոպարեկային ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Սյունիքի մարզային վարչության գործունեության պաշտոնական մեկնարկի 100-րդ օրվա սահմանագծին ծառայությունը հանդես կգա ամփոփ և ընդգրկուն տեղեկատվությամբ, որը կներառի իրականացված հիմնական նախաձեռնությունները, արձանագրված հաջողությունները և առաջիկա պլանները։

01.07.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 04.07.2025