Կայացել է հայ-ռուսական աշխատանքային խմբի հանդիպումը

2025 թվականի հունիսի 9-10-ը Ռուսաստանի Դաշնության Կիսլովոդսկ քաղաքում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների և ոլորտային համագործակցության շրջանակներում երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցել է «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագրի 2024-2025թթ. ծրագրի իրականացման աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը։

Հիշեցնենք, որ նույն ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2023 թվականի մայիսի 29-30-ը ՀՀ Ջերմուկ քաղաքում, որտեղ կողմերը տեղեկատվություններ էին փոխանակել ազգային քաղաքականության և բնական պաշարների ռացիոնալ օգտագործման, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում պետական վերահսկողության իրականացման վերաբերյալ, ինչպես նաև համաձայնություններ էին ձեռք բերվել հուշագրի ծրագրի ընթացիկ և հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունների առնչությամբ։

Հայկական պատվիրակությունն այս հանդիպման շրջանակներում գլխավորում էր շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, իսկ էկոպարեկային ծառայությունը ներկայացնում էին ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը և ծառայությունում խորհրդական Արթուր Ղարաքեշիշյանը:

Հանդիպման օրակարգային կետերի շրջանակներում Մուրադ Նուրիջանյանը և Արթուր Ղարաքեշիշյանը հանդես են եկել ելույթներով, որոնք վերաբերելի էին ոլորտի օրենսդրական առանձին բարեփոխումներին և մասնավորապես՝ էկոպարեկային ծառայության ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև՝ կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մեր գործունեության առանձնահատկություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտային հիմնական խնդիրները, նախանշվել են նոր նպատակներ և առաջ շարժվելու հստակ գործողություններ, ներկայացվել են շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության կայուն մեխանիզմների մշակման փոխադարձ հետաքրքրությունները։

Քննարկումից հետո ստորագրվել է համատեղ արձանագրություն, որով պաշտոնականացվել են ձեռք բերված պայմանավորվածությունները և համատեղ խմբի շրջանակներում հետագա քայլերը։

12.06.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 20.06.2025