Կայացել է «Հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում՝ Հայաստանում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը

Այսօր՝ հունիսի 25-ին, կայացել է «Հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում՝ Հայաստանում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որը համախմբել էր շրջակա միջավայրի պահպանության և անտառային ոլորտի փորձագետների, պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ սուբյեկտների։
Մեկնարկային աշխատաժողովն անցկացվել է մասնագիտական լայն շրջանակի մասնակցությամբ և քննարկվել են ծրագրային նպատակները, գործիքակազմը, ռիսկային իրավիճակները, շահագրգիռ կողմերի ներգրավումն ու ծրագրի իրականացման կազմակերպումը, սպասվող արդյունքները և ծրագրային այլ կետեր։
Աշխատաժողովին ներկա են եղել նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։
Բացման խոսքով հանդես է եկել Մուրադ Նուրիջանյանը և անդրադարձել է ծառայության առջև կանգնած հիմնական էկոլոգիական մարտահրավերներին, ինչպես նաև իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ ուղղված անտառների պահպանությանը, ապօրինի ծառահատումների և այլ իրավախախտումների կանխմանը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Նա ընդգծել է, որ ծառայությունն այժմ տեխնիկական կարողությունների ընդլայնման, վերահսկողության ժամանակակից մեխանիզմների ներդրման և մասնագիտական կարողությունների զարգացման փուլում է՝ համագործակցելով ինչպես պետական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։
Նուրիջանյանը հատկապես կարևորել է Հայաստանին վերապահված առանցքային դերը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի հյուրընկալման շրջանակում։ Նա ընդգծել է այն հանգամանքը, որ COP17-ը հանդիսանալու է բացառիկ հարթակ՝ Հայաստանի բնապահպանական առաջնահերթությունները միջազգային մակարդակով ներկայացնելու, շրջակա միջավայրի կառավարման հաջողված փորձը ցույց տալու և գլոբալ համագործակցությունը խորացնելու համար։ Նուրիջանյանի խոսքով՝ ծառայությունը, որպես վերահսկողության և կառավարման պատասխանատու մարմին, պատրաստ է ստանձնել միջազգային չափանիշներին համահունչ դերակատարություն և ակտիվ մասնակցություն՝ համաժողովի արդյունավետ կազմակերպման և Հայաստանի դիրքավորման հարցում։
Աշխատաժողովին ելույթ են ունեցել նաև ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, WWF Հայաստան ծրագրի թիմի ղեկավար Կարեն Մանվելյանը,WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանը, , WWF Հայաստան ծրագրի համակարգող Արմեն Դանիելյանը, ՄԱԿ ՇՄԾ փորձագետ, գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կենսաբազմազանության և հողերի դեգրադացիայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Լեսյա Նիկոլաևան և Ռաֆաելլա հիմնադրամի բազմազանության գնահատման համակարգող և տնօրեն Ագնես Ֆոնտենոն։
Ելույթներում անդրադարձ է եղել ծրագրի ռազմավարական նպատակներին, որոնք ընդգրկում են լանդշաֆտների վերականգնումը և դրանց արտադրողականության բարձրացումը, էկոհամակարգերի և շրջակա միջավայրի ծառայությունների վերականգնումը, առողջացումը և արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրումը։
Նշենք, որ ծրագիրն ուղղված է նաև կենսաբազմազանության կորստի կանխարգելմանն ու նվազեցմանը՝ համապատասխան հակազդեցության միջոցառումների իրագործման միջոցով։ Զուգահեռաբար, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ներգրավված համայնքների հետ կրթական, իրազեկման և կարողությունների զարգացման գործընթացների խթանմանը։ Ծրագիրը նպատակ ունի ստեղծել պայմաններ՝ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական կենսունակության և կենսամակարդակի համապարփակ բարելավման համար։ Ակնկալվում է, որ նախաձեռնության իրականացումը կնպաստի ոչ միայն բնապահպանական մարտահրավերների համակարգված հաղթահարմանը, այլև կծառայի որպես կարևոր խթանիչ տեղական մակարդակում կայուն զարգացման ապահովման գործընթացում։
Միջազգային գործընկերների ելույթներից հատկանշական էին բնապահպանական խնդիրների հաղթահարման համատեքստում արևմտյան գիտական և ավանդական գիտելիքների համատեղման, համաշխարհային քաղաքականության զարգացման, տեխնիկական փորձաքննության, նորարարական մոտեցումների, նոր մտածողության և գիտության վրա հիմնված քաղաքականության ու գլոբալից մինչև տեղական մակարդակ արվող գործողությունների վերաբերյալ անդրադարձերը, ինչպես նաև՝ DATAR (The Diversity Assessment Tool for Agrobiodiversity and Resilience) գործիքին առնչվող տեղեկատվությունը, որը մշակվել է գյուղատնտեսական կենսաբազմազանության գնահատման և դրա դիմադրողականության վերլուծության համար։ Այն օգնում է մասնագետներին, քաղաքականություն մշակողներին և համայնքներին գնահատելու, թե որքան բազմազան են գյուղատնտեսական համակարգերը՝ բույսերի, կենդանիների և այլ գենետիկական ռեսուրսների մակարդակով։