Կայացել է կադրային համալրման հարցազրույցի փուլը

Էկոպարեկային ծառայության կադրային համալրման բազմափուլ գործընթացը թևակոխեց իր ամենավճռական՝ հարցազրույցի փուլը, որն ամփոփում է ֆիզիկական պատրաստվածության ստուգումներն ու մասնագիտական գիտելիքները գնահատող մրցութային թեստավորումը։ Այսօր անցկացված այս փուլը նպատակ ուներ բացահայտել այն թեկնածուներին, ովքեր ունեն ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ ու պատրաստվածություն, այլև տիրապետում են բարձրագույն անձնային որակների և էթիկայի՝ հանդիսանալու Ծառայության անբաժանելի մասը։ Հանձնաժողովը, որի կազմում էին Ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանն ու գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, գնահատման ողջ գործընթացը կառուցել էր խորքային ու բազմաշերտ հարցերի վրա՝ ընդգրկելով բնապահպանական օրենսդիր դաշտ, կենսաբազմազանության պահպանություն, էկոհամակարգերի կառավարում և իրական իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություն։ Գնահատման թիրախում էին թեկնածուների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը, բարձր աշխատանքային էթիկան, պատասխանատվության զգացումը, անաչառությունն ու բարեխղճությունը, ինչպես նաև մարտահրավերային ու կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու և քաղաքացիների հետ պատշաճ հաղորդակցվելու ունակությունը։

Թափանցիկության սկզբունքի պահպանումը եղել է գործընթացի անկյունաքարը, ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր մասնակիցների համար։ Հարցազրույցի արդյունքները կլինեն վերջնական գործոնը՝ որոշելու համար Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքները համալրող ապագա էկոպարեկային ծառայողներին։

08.12.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.12.2025