Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը

Այսօր՝ հուլիսի 8-ին, ՆԳՆ փրկարար ծառայությունում կայացել է վարչապետի 2023 թվականի օգոստոսի 7-ի N 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նվիրված անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկմանը, կանխարգելմանն ու օպերատիվ արձագանքման խնդիրներին։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը հանդես է եկել բացման խոոսքով՝ ընդգծելով միասնական և համակարգված արձագանքման անհրաժեշտությունը՝ ռիսկերն ի սկզբանե նվազեցնելու համար։

Նիստին մասնակցել է  ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ով իր խոսքում կարևորել է ծառայության լիազորությունների իրականացումը՝ հրդեհների կանխարգելման և արտակարգ պատահարներին անհետաձգելի արձագանքման ուղղությամբ։ Կիրակոսյանի խոսքով էկոպարեկային ծառայությունն անտառային հրդեհների կանխարգելման գործում ստանձնել է առաջատար դերերից՝ իրազեկումից մինչև անհետաձգելի արձագանք։ «Մեր սկզբունքն է՝ չսպասել հրդեհի բռնկմանը, այլ գործել այնպես, որ այն ընդհանրապես տեղի չունենա»,- ասել է Կիրակոսյանը՝ շեշտելով՝ ծառայությունը շարունակում է ուժեղացնել համագործակցությունը բոլոր գործընկեր կառույցների հետ՝ ապահովելու կանխարգելման և արձագանքման առավել ամբողջական համակարգ։

Նիստի ընթացքում քննարկվել են

  • հրդեհավտանգ տարածքների մանրակրկիտ վերլուծությունն ու գնահատումը՝ նպատակ ունենալով հայտնաբերել ռիսկային գոտիները և մշակել կանխարգելիչ միջոցառումներ,
  • օպերատիվ արձագանքման համակարգի կարողությունների գնահատումը, առկա մարտահրավերների բացահայտումն ու արդյունավետ լուծումների մշակումը,
  • հասարակության իրազեկման և կրթական արշավների կարևորությունը՝ բնակչության ներգրավվածությունը հրդեհների կանխարգելման գործընթացում բարձրացնելու նպատակով,
  • միջգերատեսչական և հանրային համագործակցության ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրումը՝ համալիր և համակարգված արձագանք ապահովելու նպատակով։

Կամո Ցուցուլյանն իր ելույթում ընդգծել է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ներդրման և գործունեության պաշտոնական մեկնարկի կարևորությունը ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի բնապահպանական ոլորտի համար, ապա կարևորել է նաև ծառայության մյուս մարզային վարչությունների գործարկումը։

Ցուցուլյանն առաջարկել է Սյունիքի մարզային վարչության էկոպարեկային ծառայողների և փրկարարների միջև կազմակերպել ուսումնավարժական համատեղ միջոցառումներ՝ հմտությունների կատարելագործման և փոխգործակցության ամրապնդման նպատակով։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հրդեհավտանգ տարածքների հայտնաբերման, մշտադիտարկման և վերլուծության համար նորագույն տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը, շեշտադրվել է նաև արբանյակային տվյալների, հրդեհի տարածման մոդելների և կառավարման թվային գործիքների ներառման կարևորությունը։

 Հանդիպմանը ներկա մարզպետարանների ներկայացուցիչներն իրազեկել են իրենց մարզերում առկա հրդեհավտանգ իրավիճակների, իրականացված աշխատանքների, խնդիրների ու կիրառվող լուծումների մասին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բնակչության իրազեկման մակարդակի բարձրացմանն ու տեղեկատվական աշխատանքների ակտիվացմանը։

Ներկայացվել են համայնքներում ուղիղ հաղորդակցման, սոցիալական ցանցերի, հանրային դասընթացների և մեդիա համագործակցության միջոցով իրազեկումն ընդլայնելու վերաբերյալ որոշակի մեխանիզմներ, քննարկվել են նաև կամավորական շարժման ձևավորման հնարավորությունները, մասնավորապես՝ անտառների հրդեհավտանգ շրջաններում երիտասարդների և տեղական խմբերի ընդգրկմամբ։

Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի,  քննարկվել են նաև ոլորտային գործողությունների ճշգրտմանը, պլանավորմանը և հաղորդակցության մեխանիզմների բարելավմանը վերաբերող հարցեր։

08.07.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 08.07.2025