Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները մասնակցել են վերապատրաստման մեկօրյա թեմատիկ դասընթացի

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասում տեղի է ունեցել վերապատրաստման մեկօրյա թեմատիկ դասընթաց, որին մասնակցել են Ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության էկոպարեկային ծառայողները:

Դասընթացը վարել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի առաջնատար մասնագետները՝ թռչնաբան Լյուբա Բալյանը և կենդանաբան Մամիկոն Ղասաբյանը:

Դասընթացի տեսական հատվածում էկոպարեկներին ներկայացվել են կենսաբազմազանության մշտադիտարկման առանցքային սկզբունքները․

Մոնիթորինգի բանաձևը («Վիճակ – Ճնշում – Արձագանք»)․ ինչպես նկատել մակերեսային երևույթներից (օրինակ՝ լքված բույն կամ սատկած թռչուն) այն կողմ գտնվող խորքային խնդիրները (պոպուլյացիայի անկում, աղտոտվածություն):

Ցուցիչ (ինդիկատոր) տեսակներ․ թռչունների և ջրային կենդանիների դերակատարումը էկոհամակարգի առողջական վիճակի և ջրի որակի գնահատման գործում (օրինակ՝ կարմրագլուխ սուզաբադը և մեծ ձկնկուլը):

Մոնիթորինգի ոսկե կանոնը․ «Նույն տեղում, նույն ձևով, նույն ժամին, ամեն անգամ»՝ տվյալների ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու համար:

Սպառնալիքից իրավախախտում․ թռչունների բնադրման և հանգստի շրջանում մարդկային անհանգստության գործոնի (արագընթաց մոտորանավակներ, աղմուկ) վերածումը իրավական խախտման, երբ այն տեղի է ունենում պահպանվող արգելված գոտիներում:

Տեսական նյութին հաջորդել են ակտիվ հարցուպատասխանն ու մեծ երամների հաշվարկման (էքստրապոլյացիայի) դաշտային վարժանքները:

Դասընթացի երկրորդ հատվածում մասնակիցներն ու դասընթացավարները տեղափոխվել են «Նորաշեն» արգելոց, որտեղ գործնականում կիրառել են ստացված գիտելիքները՝ օգտագործելով ժամանակակից տեխնիկական միջոցներ (հեռադիտակներ, մոնոդիտակներ և այլն)։

Միջոցառումն իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի համատեղ աջակցությամբ։

25.10.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 29.10.2026