Լուսինե Ալեքսանյանը մասնակցել է Վիեննայում անցկացված ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության Հանձնաժողովի (CCPCJ) 34-րդ նստաշրջանին

ՇՄՆ էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը սույն թվականի մայիսի 19-23-ն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաք մասնակցելու ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության Հանձնաժողովի (CCPCJ) 34-րդ նստաշրջանին։
Ալեքսանյանը նստաշրջանի մեկնարկին, հարակից միջոցառման ներկայացման շրջանակում, հանդես է եկել ծավալուն ելույթով, որտեղ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում ստեղծված Էկոպարեկային ծառայության առաքելության ու գործունեության մասին մանրամասներ։
Ալեքսանյանն իր ելույթում անչափ կարևորել է միջազգային հարթակներում և տվյալ պարագայում ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության Հանձնաժողովի (CCPCJ) 34-րդ նստաշրջանին էկոպարեկային ծառայության գործունեության մասին խոսելը։
Ալեքսանյանն իր ելույթի ավարտին ներկայացրել է նաև ՀՀ Սյունիքի մարզային վարչության պաշտոնական բացման արարողությունից մի հատված։
«Հարգարժան բարձրաստիճան պաշտոնյաներ, հարգելի հյուրեր, ուրախ եմ այսչափ կարևոր թեմայի շրջանակներում ելույթ ունենալ և այդ նպատակով մեր առաքելությունն ու ներդրումը ներկայացնելու հնարավորության համար։
Ես ներկայացնում եմ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը։
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում ստեղծվեց շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Էկոպարեկային ծառայությունը։ Այս եզակի ծառայությունն օժտված է ոլորտային խնդիրները բացահայտելու և վերլուծելու, ինչպես նաև դրանց արագ ու արդյունավետ լուծումներ տալու նոր մակարդակի հնարավորություններով։
Էկոպարեկային ծառայության նպատակներն են պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրա կանոնների պահպանման ապահովումը, օրենսդրությամբ սահմանված իրավասության սահմաններում իրավախախտումների հայտնաբերման, կանխման, կանխարգելման ապահովումը, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովումը։
Ժամանակակից տեխնիկական հատուկ միջոցներով հագեցածվածության հաշվին՝ Էկոպարեկային ծառայությունն ապահովում է այս նպատակների իրականացումը՝ 24/7 ձևաչափով պահպանության, կազմակերպված և համակարգված աշխատանքի միջոցով։
Առավել արդյունավետ քաղաքականությամբ և գործիքակազմով Էկոպարեկային ծառայության ստեղծումը նպատակ ուներ փոխարինել Անտառային կոմիտեն, որը չուներ տեխնիկական կարողություններ, համապատասխան լիազորություններ, գործում էր միայն հնգօրյա աշխատանքային շաբաթվա և ութժամյա աշխատանքային օրվա ձևաչափով։
Ծառայության ձևավորմամբ մասնագիտական գործառույթները (անտառների պաշտպանության գործառույթը) փոխանցվեցին շրջակա միջավայրի նախարարությանը՝ ապահովելով ծառայության զարգացումը որպես զուտ պահպանության գործառույթներ իրականացնող մասնագիտացված կառույց։
Այսպիսով, էկոպարեկային ծառայողներին վերապահվեց ծառայության կողմից հայտնաբերված բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական ու բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը։
Էկոպարեկային ծառայողները կազմում են վարչական իրավախախտումների արձանագրություններ և հարուցում համապատասխան վարչական վարույթներ, իսկ քրեական հանցագործություն պարունակող իրավախախտումների դեպքում՝ համապատասխան լիազորված մարմնին միջնորդություն են ներկայացնում՝ իրավախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Էկոպարեկային ծառայության աշխատողները հանրային ծառայողներ են՝ բարձրագույն կրթությամբ, համապատասխան փորձով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված այլ պահանջներով։
Մենք խրախուսում ենք կանանց ներգրավվածությունն ու ծառայությունն Էկոպարեկային ծառայությունում, այդ թվում՝ որոշումներ կայացնելու մակարդակում:
Ծառայության թափանցիկությունն ու որակի վերահսկողությունն ապահովելու համար նախատեսվում է մեր անձնակազմին տրամադրել համազգեստին ամրակցված համապատասխան սարքեր, որոնք կտեսաձայնագրեն ծառայության գործընթացը։ Տեսանյութը կբեռնվի համապատասխան սերվեր՝ աշխատակցի կողմից հերթափոխը հանձնելուց հետո։ Այս տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին և պաշտոնատար անձանց, ովքեր լիազորված են իրականացնել կատարվող աշխատանքների նկատմամբ շարունակական վերահսկողություն։
Պաշտպանության իրականացման գործիքակազմում մենք, որպես ծառայության իրականացման ձևեր, դիտարկել ենք հետևյալը․ հակահրդեհային սարքավորումներով հագեցած օպերատիվ տրանսպորտային միջոցներ, մոտորանավակներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեխնիկական միջոցներ, ձայնի, շարժման, ծխի նկատմամբ զգայուն և այլ սենսորային համակարգեր, տեսախցիկներ, ռադիոկապի ու սերվերային համակարգեր, տարբեր եղանակների համար էկոպարեկային ծառայողների համար նախատեսված հատուկ համազգեստի լրակազմեր և այլն։
Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման և հսկողության նպատակով մենք նախատեսել ենք ստեղծել տվյալների բազա, տեղադրել անցակետեր մուտքի և ելքի կետերում, տեղադրել էլեկտրոնային կշեռքներ, տեղադրել GPS սարքեր ջրային տրանսպորտային միջոցների վրա և ստեղծել QR կոդ։
Թեև այսօր մենք դեռևս չենք գործադրել Ծառայության լիարժեք գործառնական ներուժը, այնուամենայնիվ մեր մեկ տարվա գործունեության արդյունքները և վիճակագրությունն արտացոլում են իրավախախտումների հայտնաբերման զգալի աճ, ինչը վկայում է գործառույթների արդյունավետ և պատշաճ կատարման մասին։
Զուգահեռ այս ամենին՝ մենք գրանցել ենք նաև բնության դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազում՝ տեխնիկական նոր գործիքակազմի, Ծառայության ղեկավարության կողմից աշխատանքների արդյունավետ կազմակերպման ու վերահսկողության, ոլորտում լայնածավալ գործունեության շնորհիվ։
Մեր տարածքային ստորաբաժանումներից ՀՀ Սյունիքի մարզային վարչությունն առաջինը պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունն ընթացիկ տարվա ապրիլի 11-ին։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետը և կառավարության այլ անդամներ՝ ցուցադրելով բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի ուժեղ քաղաքական կամք։ Մյուս մարզային վարչությունների տեխնիկական կարողությունների ընդլայնման և անձնակազմի համալրման գործընթացն ընթացքի մեջ է, և 2025 թվականին կտրվի նաև մյուս մարզային վարչությունների գործունեության պաշտոնական մեկնարկը։
Մենք վստահ ենք, որ Էկոպարեկային ծառայության գործունեությունը կարևոր դեր կխաղա նաև Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պաշտպանության գործում՝ այդպիսով նպաստելով Կունգմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակների և խնդիրների իրականացմանը։
Ինչպես ցանկացած նորաստեղծ մարմին, Էկոպարեկային ծառայությունը ևս ձգտում ունի հնարավորինս կլանելու նոր տեղեկատվություն ու գիտելիքներ, ստանալու փորձագիտական ու տեխնիկական աջակցություն: Մեր հաջողության գրավականը ներուժի և կարողությունների շարունակական զարգացումն է։ Մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին աջակցել մեր անաչառ ու ազնիվ գործին, միաժամանակ նպաստելով նաև եռակի մոլորակային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համաշխարհային ջանքերին։
Մինչ այդ, դիտենք ՀՀ Սյունիքի մարզային վարչության պաշտոնական բացման արարողությունից մի հատված։
Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է Ալեքսանյանը։