Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

ՇՄՆ էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը սույն թվականի մայիսի 19-23-ն Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում մասնակցում է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության Հանձնաժողովի (CCPCJ) 34-րդ նստաշրջանին:

Նստարջանի ընթացքում հանցագործությունների նոր, ի հայտ եկող և զարգացող ձևերի թեմատիկ քննարկումների համատեքստում, Ալեքսանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղարն իր խոսքում ընդգծել է, որ բնապահպանական հանցագործությունների արդյունքում բնական միջավայրին և մարդու առողջությանը հասցված վնասը բավականին մեծ է։ Ալեքսանյանն անդրադարձել է «կոնվերգենտ բնապահպանական հանցագործություններ»-ին, դրանց փոխկապակցվածությանն այլ հանցագործությունների և հանցավոր գործունեության հետ, ոլորտային խնդիրներին, դրանց նկատմամբ օրենսդրական և կարգավորող սահմանափակումներին, ինչպես նաև այն սողանցքներին, որոնցով հանցագործները շրջանցում են դրանք։

Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականության ուղղությունները և դրա շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող էկոպարեկային ծառայության ներդրմանն անդրադարձել, խոսել է ծառայության գործունեության առանձնահատկությունների, տեխնիկական կարողությունների ընդլայնման, վերազինման և համապատասխան որակավորում ունեցող անձնակազմի համալրման գործընթացի մասին:
Տեղեկատվության ներկայացումն ամփոփելիս՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՇՄՆ էկոպարեկային ծառայության ներկայացուցիչն ընդլայնված միջազգային համագործակցության ակնկալիքներն է շեշտադրել և հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերին միավորել ջանքերը շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքարում:

Հիշեցնենք՝ Ալեքսանյանը նստաշրջանի մեկնարկին, հարակից միջոցառման ներկայացման շրջանակում, հանդես է եկել ծավալուն ելույթով, որտեղ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում ստեղծված Էկոպարեկային ծառայության առաքելության ու գործունեության մասին մանրամասներ։

22.05.2025
Թարմացվել է՝ 27.05.2025