ՄԱԿ-ի փորձագիտական հանդիպում Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի (UNTOC) շրջանակում շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի երկրորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում այս կարևոր միջազգային հարթակում ելույթ է ունեցել Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։ Վերջինս իր ելույթում առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի հանձնառությունը բնապահպանական գլոբալ օրակարգին՝ շեշտելով մեր երկրի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստը. Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), ինչը վկայում է շրջակա միջավայրի պահպանության հարցում պետության որդեգրած բարձր պատասխանատվության մասին։
Միջազգային այս աշխատաժողովի շրջանակում ներկայացվել են Էկոպարեկային ծառայության ստեղծմամբ պայմանավորված համակարգային փոփոխությունները, որոնք թույլ են տվել Հայաստանին անցում կատարել բնության պահպանության առավել արդյունավետ և օպերատիվ մոդելի։ Շեշտադրվել է, որ Ծառայությունն այսօր հանդես է գալիս որպես շրջակա միջավայրի դեմ ուղղված իրավախախտումների կանխման, կանխարգելման և բացահայտման գործառույթներ իրականացնող կառույց՝ օժտված 24/7 ռեժիմով հսկողություն իրականացնելու և քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ նախաձեռնելու լայն լիազորություններով։
Նմանօրինակ միջազգային հանդիպումներին Էկոպարեկային ծառայության ներգրավվածությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու ազգային մակարդակում իրականացվող բարեփոխումները, այլև ամրապնդելու փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ անդրազգային բնապահպանական հանցավորության դեմ պայքարում միասնական և գիտահեն մոտեցումներ մշակելու նպատակով։