Մասնակցություն ՄԱԿ Անտառների և անտառային արդյունաբերության կոմիտեի 83-րդ նստաշրջանին

Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի ԵՏՀ Անտառների և անտառային արդյունաբերության կոմիտեի 83-րդ նստաշրջանը։ Նոյեմբերի 4-6-ն Ազգերի պալատում անցկացվող աշխատանքներին մասնակցում է ՇՄՆ էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։

Նիստի ընթացքում քննարկվում են անտառային տնտեսության և շուկաների արդիական հարցեր, նորարարական մոտեցումներ անտառային արտադրանքի ոլորտում, կլիմայական փոփոխությունների և կայուն ենթակառուցվածքների կառավարման ուղղությունները, ինչպես նաև ներառական զարգացման սկզբունքները՝ երիտասարդության, գենդերային հավասարության և մարդու իրավունքների տեսանկյունից։

Երեկ՝ միջոցառման առաջին օրը, Լուսինե Ալեքսանյանը հանդես է եկել ելույթով, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական բարեփոխումների ռազմավարական ուղղությունները։ Ալեքսանյանը շեշտել է, որ 2023 թվականին Էկոպարեկային ծառայության ձևավորումն ու հաստատումը լայնածավալ բարեփոխումների կարևորագույն և շոշափելի արդյունքներից է, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ու օրինականության ապահովման հիմնական պետական մեխանիզմը։ Բանախոսը նշել է, որ Էկոպարեկային ծառայությունն իրականացնում է հսկողություն, կանխարգելում և իրավապահ գործողություններ՝ ապօրինի անտառահատումների, որսագողության, հրդեհների, հողազավթման և կենսաբազմազանությանը վնասող այլ երևույթների կանխման ուղղությամբ։ Նա կարևորել է նաև թվայնացման և հետագծելիության համակարգերի զարգացումը, որոնք ուղղված են փայտանյութի օրինական ծագման թափանցիկության ապահովմանը։ Ընդգծվել է, որ Հայաստանի նպատակն է մինչև 2030 թվականը ավելացնել անտառածածկույթը մինչև 12.9%, միաժամանակ զարգացնել անտառվերականգնման ծրագրերը՝ միջազգային ֆինանսավորման ներգրավմամբ, մասնավորապես՝ Կանաչ կլիմայական հիմնադրամի և REDD+ մեխանիզմների շրջանակներում։ Ալեքսանյանը նշել է, որ նախատեսվում է նաև Էկոպարեկային ծառայության մարզային վարչությունների լիակատար համալրում և գործառույթների ամբողջական իրականացում ամբողջ երկրի տարածքում մինչև 2026 թվականի ավարտը։ Նրա խոսքով՝ այս քայլերը միտված են Հայաստանի անտառային ոլորտի կայուն զարգացմանն ու երկրի դիրքերի ամրապնդմանը միջազգային բնապահպանական գործընթացներում։ Ելույթում առանձնացվել է նաև, որ Հայաստանում հյուրընկալվելիք COP17 գագաթնաժողովը դառնում է կարևոր հարթակ՝ միջազգային լավագույն փորձի փոխանակման և անտառների ու կենսաբազմազանության պահպանման նորարարական մոտեցումների առաջմղման համար։

05.11.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 07.11.2025