Մայրավանք եկեղեցու հարակից տարածքում հրդեհ է բռնկվել
Անտառային հրդեհների բարձր վտանգի ֆոնին ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները Խաղողօրհնեքի տոնի նախօրեից աչալուրջ ծառայություն են կազմակերպել եկեղեցիների հարակից անտառային տարածքներում՝ իրազեկելով տոնակատարության մասնակիցներին հակահրդեհային կանոնների պահպանության անհրաժեշտության մասին։
Այնուամենայնիվ, օգոստոսի 16-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի Մայրավանք եկեղեցու հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած հրդեհաշիջման աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը և վերջնական մարել այն։
Հրդեհը տարածվել է շուրջ երեք հեկտար անտառային տարածքում՝ շոգեխաշելով 15 գիհի տեսակի ծառ։ Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որն ուղարկվել է ԲԸՏՄ։
Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք բոլորիդ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: