Մեկնարկել է «Աղետների կառավարման կարողությունների զարգացման աշխատաժողով»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում մեկնարկեց «Աղետների կառավարման կարողությունների զարգացման աշխատաժողով»-ը, որը համատեղ անցկացվում է ՀՀ ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության և ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի ջանքերով։ Այս միջոցառումը շարունակությունն է հուլիսի 15-17-ն անցկացված սեմինարի, որի ընթացքում քննարկվել էին բազմաշերտ համագործակցության, միջազգային փորձի և ազգային կառույցների ներուժի համադրումն աղետների կառավարման ոլորտում։

Հանդիպման մեկնարկը տրվեց ամերիկյան գործընկերների՝ Դիաննա Ակուրիոյի, Ջիմի Մարփլի, Բրայան Վան Բոկերի և մյուս մասնագետների ողջույնի խոսքերով։ Այնուհետև անցկացվեցին բաց ձևաչափով քննարկումներ՝ փորձի համատեղ վերլուծությամբ և տեղեկատվության ազատ փոխանակմամբ։

Մասնակիցների ցանկում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, այդ թվում՝ էկոպարեկային ծառայության, պաշտպանության, առողջապահության, ներքին գործերի, ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ։

Քննարկման առանցքային ուղղություններից էին.

• Աղետների գնահատման մատրիցա՝ ընդգծելով ռիսկերի աստիճանը, լրջության աստիճանը, ազդեցության ծանրությունը, խոցելիությունը և տարեկան առաջացման հավանականությունը՝ ռիսկերի ամբողջական գնահատման և ռեսուրսների արդյունավետ բաշխման համար։

• Հայաստանի գործող աղետների ռիսկերի կառավարման պլան՝ եռաստիճան մոտեցմամբ հանրային, մարզային և համայնքային մակարդակներում։

• «All Hazards» պլանի մշակում՝ կիրառելով միջազգային փորձը և ճկուն մոտեցումներ տարբեր սպառնալիքների համար։

• Տվյալների մշակման և վերլուծության կարևորություն, հանրային իրազեկում և ռիսկերի կառավարման ծրագրերի արդյունավետություն։

• Խոցելի տարածքների նույնականացում, տեղական առաջնահերթություններ, բարձր մագնիտուդով երկրաշարժերի, սողանքների, ջրհեղեղների, երաշտերի և անտառային հրդեհների սպառնալիքների կանխատեսում։

ՀՀ ՆԳՆ աղետների և այլ արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի կառավարման համակարգը և մանրամասն ներկայացրեց եռաստիճան մոտեցումը՝ հանրային, մարզային և համայնքային մակարդակներում իրականացվող ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացները։

Մասնակցելով միջոցառմանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը ևս վերահաստատեց իր կարևորությունը՝ որպես բնապահպանական ոլորտում ռիսկերի գնահատման և բնական էկոհամակարգերի պաշտպանության գործընկեր։

02.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 12.09.2025