Մեկնարկել է կարևոր վերապատրաստման փուլ՝ նվիրված առաջին բուժօգնության հիմունքներին
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հետ սերտ համագործակցության շրջանակներում ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի, Մեղրու, Գորիսի և Սիսիանի տեղամասերի էկոպարեկային ծառայողների համար մեկնարկել է կարևոր վերապատրաստման փուլ՝ նվիրված առաջին բուժօգնության հիմունքներին։
Ծառայության բնույթից ելնելով՝ էկոպարեկային ծառայողները հաճախ գործում են բնակավայրերից հեռու, դժվարանցանելի գոտիներում, որտեղ արտակարգ պատահարների դեպքում հենց իրենց տիրապետած հմտություններն են դառնում վճռորոշ՝ կյանքեր փրկելու համար։
Դասընթացի ծրագիրը հագեցած է և ընդգրկում է կենսական նշանակության թեմաներ.
սիրտ-թոքային վերակենդանացում
արյունահոսության դադարեցում
կոտրվածքների անշարժացում
այրվածքների ու ցրտահարության դեպքում ցուցաբերվող օգնություն։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու լեռնային և անտառային գոտիներին բնորոշ ռիսկերին՝ օձերի ու միջատների խայթոցներին, ինչպես նաև` տուժածների անվտանգ տեղափոխման և առաջին բուժօգնության պայուսակի արդյունավետ կիրառման հմտություններին: