Մեկնարկել է «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչին նվիրված մասնագիտական վերապատրաստման դասընթացը

Այսօր՝ հուլիսի 17-ին, մեկնարկել է «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվող «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչին նվիրված մասնագիտական վերապատրաստման դասընթացը, որն

ուղղված է բնապահպանական և սոցիալական ռիսկերի արդյունավետ կառավարմանը, համայնք-հասարակություն-բնություն շղթայի սոցիալ-տնտեսական հավասարակշռության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև՝ կենսաբազմազանության պահպանության նոր որակական մակարդակի ձևավորմանը։

Վերապատրաստման աշխատանքների մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՇՄՆ Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանը։

Ալեքսանյանն իր խոսքում ընդգծել է դասընթացի կարևորությունը՝ որպես մասնագիտական կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման և բնության պահպանության գործում նոր որակներ ու գործելակերպեր ներդնելու հնարավորություն։

Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ժամանակակից բնապահպանական մարտահրավերների պայմաններում կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը պահանջում է ոչ միայն բնապահպանական հիմնարար գիտելիքներ, այլև իրավական, կառավարչական և գործառնական պատրաստվածություն։

Էկոպարեկային ծառայությունը դասընթացին ներկայացված էր ակտիվ մասնակցությամբ՝ իր ղեկավար կազմով և մասնագիտական ստորաբաժանումներով, այդ թվում՝ ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի ներկայությամբ։ Ծառայության ներգրավվածության կարևորությունը հատկանշական էր նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում կառավարման արդյունավետության բարձրացման, համայնքահեն և կայուն զարգացման սկզբունքներին համահունչ ռազմավարությունների ձևավորման, ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և ոլորտային ներուժի նպատակային կիրառման տեսանկյունից։

Դասընթացի առանցքում էր բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակի արդյունավետ կիրառումը՝ հիմնված Համաշխարհային բանկի բնապահպանական և սոցիալական ստանդարտների վրա։ Մասնակիցները քննարկել են դրա հաստատուն բաղադրիչները, ներառյալ՝ իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների վերլուծությունը, ռիսկերի սքրինինգի և դասակարգման ընթացակարգերը, տարածքային բնութագրով գնահատումների համար ուղղորդումը, կարողությունների զարգացման և վերապատրաստման պլանների մշակումը, բողոքների լուծման համակարգերի ձևավորումը, մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմները։

Անդրադարձ է կատարվել նաև իրականում ի հայտ եկող մարտահրավերներին՝ կապված բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակի գործնական կիրառման հետ, ինչպիսիք են՝ քաղաքական դիմադրությունը, շահակիրների ներգրավվածության ցածր մակարդակը, խորհրդատուներից կախվածությունը, ինչպես նաև ազգային համակարգերի հետ ինտեգրման սահմանափակումները։

Գործնական հատվածում մասնակիցները բաժանվել են երկու խմբի՝ ազգային պարկի ստեղծման որոշման հնարավոր դրական և բացասական կողմերի, համայնքի ու բնապահպանության միջև պատճառահետևանքային կապերի վերլուծության նպատակով։

Ներկայացվել են նաև «Աշխատանք և աշխատանքային պայմաններ» ստանդարտը՝ ուղղված աշխատողների իրավունքների պաշտպանությանը, արդար և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը՝ պայմանագրային, առաջնային փոխարինման, ինչպես նաև համայնքային ներգրավված աշխատողների համար։ Ստանդարտն արգելում է հարկադիր և մանուկների աշխատանքը և պահանջում է աշխատուժի կառավարման ընթացակարգերի մշակման և ներդրման ապահովում։

Այս ձևաչափով իրականացված վերապատրաստումը հնարավորություն տվեց էկոպարեկային ծառայության մասնագետներին համալրելու իրենց հմտությունները և մասնակցել կարևոր ռազմավարական քննարկումների՝ միտված Հայաստանի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների պահպանությանը, համայնքների կենսամակարդակի բարելավմանը և միջազգայնորեն ճանաչված բնապահպանական չափանիշների ներդրմանը։

17.07.2025

Պատկերասրահ