Մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026-ը

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ում, անցկացվում է Seaside Startup Summit Armenia 2026-ը։ Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո։

Այս տարի՝ COP17-ին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ գագաթնաժողովն անցկացվում է «SSS Goes to COP» խորագրով՝ կենտրոնանալով կանաչ նորարարությունների, կայուն զարգացման և բնապահպանական լուծումների խթանման վրա։

Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակում Seaside Startup Summit-ը դարձել է նորարարության, ձեռներեցության և երիտասարդների ներուժի բացահայտման կարևորագույն հարթակ՝ նշանակալի ներդրում ունենալով Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում։

Գագաթնաժողովի մեկնարկին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը:

Այս տարի Seaside Startup Summit-ը նշում է իր գործունեության 10-ամյակը և ներկայացվում է ընդլայնված ձևաչափով, բազմաբովանդակ ծրագրով՝ մեկ հարթակում համախմբելով հարյուրավոր ստարտափ թիմերի, միջազգային փորձագետների, ներդրողների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։

27.07.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 10.08.2026