Մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառմանը, որին զուգահեռ անցկացվել է «Ռենջերների մրցանակաբաշխություն 2025»-ը

Այսօր՝ հուլիսի 21-ին մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառումը, զուգահեռ որին անցկացվեց նաև «Ռենջերների մրցանակաբաշխություն 2025» ամենամյա միջոցառումը, որն արդեն երրորդ տարին է անցկացվում է Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի նախաձեռնությամբ և CNF-ի ֆինանսավորմամբ։

Այս բազմաշերտ ու մեծամասշտաբ հարթակին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը, գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Մինչ միջոցառման պաշտոնական մեկնարկը, պաշտոնյաներն իրականացրել են ճանաչողական շրջայց, որի ընթացքում քննարկվել են բնապահպանական ընթացիկ առաջնահերթությունները և մարտահրավերները։

Պաշտոնական հատվածում ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ով իր ելույթում անդրադարձել է այն հիմնարար ուղերձներին, որոնցով Հայաստանը պատրաստվում է ներկայանալ COP17 համաժողովին։ Նախարարի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանության արդյունավետությունը հնարավոր է ապահովել ոչ թե մեկուսացման, այլ փոխկապակցվածության և համագործակցության միջոցով։ Այս մոտեցումը համահունչ է նաև Էկոպարեկային ծառայության առաքելությանը՝ խթանել համագործակցային, մասնակցային և համակարգված գործողություններ։

Հաջորդիվ ներկայացվել են մի շարք գերակա ուղղություններ. ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, միջսահմանային էկոլոգիական միջանցքների ձևավորում, բնության վրա հիմնված լուծումների կիրառում։ Նշվել է նաև կենսաբազմազանության մոնիթորինգի ազգային համակարգերի ներդրման և ռազմավարական փաստաթղթերի համապատասխանեցման կարևորությունը միջազգային օրակարգին։

Հայաստանը հավակնում է բարձրաձայնել այն համոզմունքը, որ կենսաբազմազանության արդյունավետ կառավարումը պահանջում է տեղական համայնքների, կանանց, երիտասարդության և քաղաքացիական հասարակության ներգրավվածություն՝ որպես համահավասար շահառուներ։ Այս տեսլականն իր գործնական կիրառությունն է ստանում նաև Էկոպարեկային ծառայության միջոցով, որը հանդիսանում է ոլորտային առաջատար կառույց և իրականացնող օղակ՝ տեղական գործողությունները կապելով գլոբալ պատասխանատվության հետ։

Բազմաթիվ հայտերից ընտրված եզրափակիչ փուլ անցած 15 մասնակիցներից 12-ը ներկայացնում էին Էկոպարեկային ծառայության տարբեր մարզային վարչություններ:

Նախքան մրցութային հատվածի մեկնարկը Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը հանդես է եկել խոսքով, որի շրջանակում ընդգծվել են Էկոպարեկային ծառայության գործունեության դրական արդյունքներն ու նշանակալի առաջընթացը։ Իր ելույթում նա խրախուսել և քաջալերել է ծառայող մասնակիցներին՝ շեշտելով նրանց դերակատարումը բնապահպանության ոլորտում և վստահություն հայտնելով, որ նման մրցույթներն էլ ավելի են ամրապնդում թիմային ոգին, մասնագիտական պատրաստվածությունն ու ծառայողական արժեհամակարգը։

Մրցութային հատվածում մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին վազքի և ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսի մի շարք ձևաչափերում՝ ցույց տալով ոչ միայն ֆիզիկական ունակություններ, այլև դիմացկունություն, թիմային ոգի և պատրաստակամություն՝ ծառայության մարտահրավերներին արձագանքելու գործում։

Միջոցառման ընթացքը շարունակվեց մասնակիցների բազային գիտելիքների գնահատման փուլով։ Այս հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց տեսական պատրաստվածությունն ու գործնական հմտությունները բնապահպանական ոլորտում։ Վերջում ամփոփվեցին մրցութային արդյունքներն ու իրականացվեց մրցանակաբաշխությունը, որի ընթացքում առանձնացան և մրցանակների արժանացան այն մասնակիցները, ովքեր ցուցաբերեցին օրինակելի ծառայողական նվիրում, գործնական պատրաստվածություն և բարձր մասնագիտական գիտելիքներ։

Մրցանակների հանձնումից առաջ, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Արա Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել ինչպես միջոցառման կազմակերպիչներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած ակտիվ մասնակցության և աշխատանքային բարեխղճության համար։

Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանն էլ նշել է, որ ընտրության գործընթացը հեշտ չէր, սակայն կատարվել է հնարավորինս օբյեկտիվ մոտեցմամբ։ Նա ընդգծել է Էկոպարեկային ծառայողների ցուցաբերած բարձր արդյունքները, աշխատանքային նվիրումը և պատասխանատվությունը։

Մրցույթն այս տարի առանձնացավ մրցանակային տեղերի յուրահատուկ բաշխմամբ։ Երրորդ տեղը կիսեցին երեք արժանավոր մասնակից՝ Գևորգ Գասպարյանը, Սասուն Շիրինյանն ու Սասուն Գալստյանը։

Երկրորդ տեղին արժանացան Վահե Խաչատրյանն ու Միքայել Պողոսյանը։

Իսկ մրցույթի հաղթողի և առաջին տեղի դափնեկրի պատիվը բաժին հասավ Արթուր Քոչարյանին՝ մեր ծառայության ներկայացուցչին, ինչը ոչ միայն անձնական ձեռքբերում էր, այլև մեծ պարծանք ու վարկանիշային նշանակալի ձեռքբերում ամբողջ Էկոպարեկային ծառայության համար։

Հատկանշական է, որ մրցանակներ ստացան բոլորը՝ որպես գնահատանք իրենց մասնագիտական նվաճումների ու նվիրվածության համար։

Ոգևորիչ է արձանագրել, որ մրցանակային տեղեր զբաղեցրած վեց մասնակցից հինգը Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներն են։

21.07.2025

Պատկերասրահ